Անընդունելի, դատապարտելի է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը ու այն էլ` երբ երեխան է եղել մեքենայի մեջ, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ մաղթելով խորհրդարանի խոսնակին շուտափույթ ապաքինում:
«Դատապարտելի է այն, որ հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը: Ինչպես վկայում են այս պահի տվյալները, տեղի է ունեցել լրատվամիջոցի գույքի ու տեխնիկայի նկատմամբ հարձակման փորձ, ինչպես նաև ըստ այս պահի տվյալների՝ հարձակում է եղել լրատվամիջոցի աշխատակիցների նկատմամբ», - ասված է օմբուդսմենի հայտարարությունում: «Բացի այն, որ նման արարքները օրենքով արգելված են, այս դժվար օրերին լրատվամիջոցները կարևորագույն գործառույթներ են կատարում», - շեշտում է Արման Թաթոյանը:
«Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն։ Դա միայն ավելացնում է լարվածությունը: Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն», - ասված է հայտարարությունում:
«Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք ամեն պահ, որ մենք ունենք պետություն, որտեղ գործում են օրենքներ ու մեր պետությունում կան պատասխանատու մարմիններ, որոնք պարտավոր են գործել այդ օրենքներին ու իրավունքին համապատասխան: Մեր այդ պետականությունն են հիմա պաշտպանում մեր հերոս զինվորները սահմանին», - հայտարարում է Արման Թաթոյանը: