Վարչապետը հայտնում է, որ իր կեցավայրից իրեր են գողացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, Երևան, 10-ը նոյեմբերի, 2020թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ իր կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր։

«Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի», - նշում է Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում արած գրառման մեջ:

Գիշերը, երբ Հայաստանի վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Ղարաբաղում հրադադար հաստատելու շուրջ ծանր որոշում է կայացրել և փաստաթղթի տակ ստորագրել, մայրաքաղաք Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգություններիվերածվեցին:

Վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարները նախ հարձակվեցին Կառավարության շենքի վրա՝ ապակիները կոտրելով ու վնասելով գույքը։

Նման մի հարձակում եղավ նաև կառավարական առանձնատների հարակից տարածքում, ականատեսների խոսքով՝ հենց այդ հատվածում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դաժան ծեծի է ենթարկվել ցուցարարների կողմից։