Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը այսօր չի մեկնաբանել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար թուրք-ռուսական հնարավոր համատեղ աշխատանքային խմբի մասին տեղեկությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հրաժարվել է ասել, թե արդյոք համապատասխանում է իրականությանը տեղեկությունն այն մասին, որ վերջին հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ստեղծել ղարաբաղյան խնդրի կարգավորման համար ռուս-թուրքական համատեղ աշխատանքային խումբ։
Դմիտրի Պեսկովն այսօր միայն ասել է, թե Կրեմլը Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն արդեն տարածել է, նշելով, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են Ղարաբաղի հարցը, և նա դրան ավելացնելու ոչինչ չունի։
Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը կայացել է նոյեմբերի 7-ի երեկոյան, Կրմելը այս հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն էր տարածել կեսգիշերին մոտ, ընդորում՝ դրանում չի նշվել, թե ով էր հեռախոսազրույցի նախաձեռնողը, իսկ երկու նախագահների հեռախոսազրույցից անմիջապես հետո կայացել էր նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որի մասին մանրամասներ հայտնի չեն։
Հաջորդ օրը՝ նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները այցելել էին Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Այսօր Պուտինի խոսնակը, պատասխանելով՝ ինչպե՞ս է Կրեմլը տեսնում հակամարտության ելքը հարցին, ասել է․ «Ռուսական կողմը նախկինի պես ներդնում է բոլոր հնարավոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»։
CNN Turk-ը, վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները, հայտնել է, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել, և որ Պուտինը Էրդողանի առաջարկը ընդունել է։ Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ այդ ձևաչափով աշխատանքները «կարող են սկսվել արդեն առաջիկա օրերին, ինչի արդյունքում կարող է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցությունների այլընտրանքային հարթակ»։ Բացի այդ, CNN Turk-ի աղբյուրի փոխանցմամբ, Ադրբեջանը «Շուշիում հաղթանակից հետո» կդադարեցնի իր առաջխաղացումը, որից հետո կսկսվեն բանակցությունները: Հայաստանն էլ իր հերթին կհամաձայնի «աստիճանաբար դուրս հանել իր զորքերը յոթ շրջաններից»։
Մարտերը Շուշիի մերձակայքում այս պահին էլ շարունակվում են, ու թեև ադրբեջանցիները երեկվանից տոնում են Շուշի գրավումը, այդ թվում նաև Ռուսաստանում, որևէ իրական ապացույց, որ ադրբեջանական բանակն ամբողջովին վերահսկում է Շուշի քաղաքը, չկա։
Պեսկովը այսօր, ըստ էության, ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունը, պաշտոնական Անկարան նույնպես այս պահին այն չի հաստատել:
Շաբաթ օրը՝ նոյեմբերի 7-ին, ղարաբաղյան հակամարտությունը Պուտինը քննարկել են նաև Ֆրանսիայի նախագահի հետ, ընդորում՝ Կրեմլի հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցը կայացել էր ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ են, երրորդ համանախագահ երկիրը Միացյալ նահանգներն է։ Թուրքիան պարզապես Մինսկի խմբի անդամ է։ Ավելի վաղ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սեփական նախաձեռնությամբ հանդես էր եկել տարածաշրջանի մեկ այլ ազդեցիկ երկիր՝ Իրանը։