Պուտինը ղարաբաղյան խնդիրը քննարկել է նախ Մակրոնի, ապա Էրդողանի հետ

Ռուսաստան- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Մինչ Շուշիի մերձակայքում համառ մարտեր են ընթանում, երեկ երեկոյան Կրեմլը ակտիվ բանակցություններ է վարել ղարաբաղյան խնդրի շուրջ։ Երեկոյան 5-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան խնդրին։

Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ու Էրդողանը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ ռազմական բախումների և դրանցում Սիրիայից և Լիբիայից ծայրահեղականներին շարունակաբար ակտիվ ներգրավելու կապակցությամբ։

Պուտինը մանրամասներ է ներկայացրել Մակրոնին կրակը դադարեցնելու և բանակցությունների վերսկսելու ուղղությամբ Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները վերահաստատել են փոխադարձ տրամադրվածությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Մակրոնն ու Պուտինն անդրադարձել են նաև Ֆրանսիայում վերջին ահաբեկչական գործողություններին, երկու կողմից շեշտել են ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարի վճռականությունը։

Ավելի ուշ` Մակրոնի հետ հեռախոսազրույցից հետո, կայացել է նաև Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահի հետ։ Ընդ որում, այս անգամ Կրեմլը չի հստակեցրել, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը։

Կրեմլի տարածած մամլո հաղորդագրությունում նշված է․ «Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը։ Ռուսաստանի նախագահը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ իր մի շարք հեռախոսային շփումների մասին: Այդ շփումները նպատակաուղղված էին մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը և քաղաքական-դիվանագիտական կարգավորման ելքի տարբերակների որոնմանը։ Հաստատվել է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու նպատակով փոխգործակցության փոխադարձ պատրաստակամություն»:

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` բանակցությունների ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է համոզել Հայաստանի ղեկավարությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ: Նա նաև ընդգծել է, որ այդ հակամարտության մշտական լուծումը տարածաշրջանի կայունության համար առանցքային գործոն է:

Հավելենք, Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո կայացել է նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը, որից մանրամասներ հայտնի չեն, Թուրքիայի արտգործնախարարությունը պարզապես հայտնել է հեռախոսազրույցի մասին: