ՌԻԱ Նովոստի ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Այդ մասին, ըստ ռուսաստանյան գործակալության, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը:
Ըստ Reuters լրատվական գործակալության, Էրդողանը Պուտինին ասել է, թե «Հայաստանին պետք է համոզել բանակցել Ադրբեջանի հետ»: Էրդողանը կոչ է արել «խաղաղ եղանակով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը»:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, «Էրդողանը Պուտինին ասել է, որ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից, և պնդել է, որ Հայաստանի ղեկավարությանը պետք է համոզել նստել բանակցությունների սեղանի շուրջ»:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Էրդողանը Պուտինին ասել է, թե «Հայաստանը պետք է հեռանա ադրբեջանական տարածքներից, իսկ Ադրբեջանի հակագրոհը պետք է սահմանափակվի ադրբեջանական տարածքով»:
Պաշտոնական Կրեմլը հայտնել է, որ Պուտինը թուրք պաշտոնակցին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ անցկացրած վերջին հեռախոսային քննարկումների մասին:
«Այդ շփումներն ուղղված էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը և քաղաքական-դիվանագիտական լուծմանն անցնելուն: Հաստատվել է խաղաղ կարգավորում գտնելու նպատակով համագործակցելու պատրաստակամությունը»,- նշվում է Կրեմլի հաղորդագրությունում:
Ըստ Reuters-ի, ղարաբաղյան խնդիրը հեռախոսով քննարկել են նաև երկու պետությունների արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը:
Reuters-ը նշում է, որ Էրդողանն ավելի վաղ ասել է, թե «Թուրքիան և Ռուսաստանը կարող են միասին աշխատել այս հակամարտությունը կարգավորելու համար»: