Գերեվարված ծերունու մահը, նախնական եզրակացությամբ, վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով. ՔԿ

Ադրբեջանական գերության մեջ 84-ամյա Միշա Մելքումյանի մահն, ըստ նախնական եզրակացության, վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, «Ազատությանը» փոխանցել են Քննչական կոմիտեից։ Մելքումյանի դին օրերս էր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան տեղափոխվել։

Միշա Մելքումյանի մահվան դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 390-րդ հոդվածի հատկանիշներով: Այն է՝ զինված ընդհարումների ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձի սպանությունը, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը:

Օրերս ադրբեջանական գերությունից Հայաստան էր վերադարձվել նաև 85-ամյա գերի Եվգենիա Բաբայանը: Մելքումյանին այդ ժամանակ հնարավոր չէր եղել տեղափոխել Հայաստան։ Ինչպես փոխանցել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տարեց տղամարդու ճամփորդությունն այդ պահին բժշկական առումով հակացուցված էր եղել։ Ամատունին նշել էր, որ համաձայնություն էր ձեռք բերվել, որ Մելքումյանն էլ կարող է վերադարձվել, երբ առողջական վիճակը թույլ տա։ Բայց հետո հայտարարվեց, որ ծերունին մահացել է։