Մատչելիության հղումներ

Այսօր հայկական կողմին փոխանցվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները


Պատերազմի 33-րդ օրը միայն կողմերին հաջողվել է փոխհամաձայնության գալ, և հայկական կողմին փոխանցվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների աճյունները։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ՝ դա հնարավոր է դարձել Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ և Կարմի Խաչի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։

Ստեփանյանը նաև հայտնել է. - «​Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը»:

Բացի այդ, հայկական կողմին արտահանձվել է մեկ քաղաքացիական անձ։

«ԿԽՄԿ-ի աջակցությամբ տարեց կնոջը Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան են տեղափոխել չորեքշաբթի օրը։ Քաղաքացիական երկրորդ անձին՝ տարեց տղամարդուն, ճամփորդությունն այս պահի դրությամբ բժշկական առումով հակացուցված է եղել»․ - փոխանցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Համաձայնություն է ձեռք բերված, որ ինքն էլ կարող է վերադարձվել, երբ իր առողջական վիճակը թույլ տա։ Խոսքը գնում է այս հակամարտության սրացման առնչությամբ պահվող անձանց մասին։ Անունները մենք չենք հրապարակում սովորաբար։ Նույն կերպ կվարվեմ ես այսօր, չեմ կարող անունները նշել»։

Այսօր Պաշտպանության բանակը հրապարակել է ևս 98 զոհված զինծառայողների անունները։ Սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողություններում հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 1136-ի։

«Այսօր Ադրբեջանն ամենագրեսիվ հարձակումն է գործել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերին վրա»․ Թվիթերում այսօր առավոտյան նման գրառում է կատարել Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։

Համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից Ադրբեջանը հրթիռակոծում է Ստեփանակերտ, Շուշի և Մարտակերտ քաղաքները: Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ կարդում ենք. - «Հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական և սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը»։

Իր հերթին Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է Բարդա և Թարթար բնակավայրերի հրթիռակոծման մեջ։ Պաշտոնական Բաքվի հաղորդմամբ՝ երեկ Բարդայում 21 մարդ է մահացել, 70-ը վիրավորվել։ Հայկական կողմը հերքում է այս մեղադրանքները, այսօր էլ Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված «լեգիտիմ ռազմական նշանակետերը»:

Գիշերվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Ինչպես երեկ ուշ երեկոյան տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ադրբեջանական զինված ուժերը, ահաբեկչական խմբավորումների ու հատուկ նշանակության ջոկատների հետ հարձակվել են նաև Հայաստանի սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ։

Հովհաննիսյանի փոխանցմամբ, ադրբեջանական ուժերը փորձել են առաջ շարժվել դեպի Բերձոր․ - «Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ մարտական գործողություններ են ընթացել։ Հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն՝ չնայած նրա որոշակի ջանքերին։ Այս ուղղությամբ մեր Զինված ուժերի ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ իրականացնել։ Հյուսիսային ուղղությամբ հիմնականում վարվել է հրետանային կրակ, մասնավորապես Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ»։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեսբուքյան գրառմամբ անդրադառնալով հումանիտար հրադադարի պայմաններում վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումներին՝ գրել է. - «Խաղաղ բնակչության դեմ կատարվող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ և հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ։ Չնայած միջազգային համայնքի կոչերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքներին՝ Ադրբեջանը համառորեն մերժում է հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը և հակամարտության գոտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG