Ալիևը կրկին հերքում է սիրիացի վարձկանների առկայությունը Ադրբեջանի տարածքում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, հոկտեմբեր, 2020թ.

Իլհամ Ալիևը կրկին հերքում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մարտական գործողություններում սիրիացի վարձկանների ներգրավման մասին տեղեկությունները։

«Մեզ վարձկաններ պետք չեն, մենք լավ սպառազինված 100-հազարանոց բանակ ունենք», - հայտարարել է Ալիևը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում։

Անդրադառնալով պատերազմի ողջ ընթացքում Թուրքիայի կողմից Բաքվին ցուցաբերվող աջակցությանը՝ Ադրբեջանի նախագահն ասել է. - «Ցանկանում եմ ընդգծել, որ [Թուրքիայի նախագահի] աջակցությունը բացառապես բարոյական է և քաղաքական»։

Իտալական պարբերականի լրագրողի հետ զրույցում Ալիևը մեկ անգամ ևս պնդել է, թե Բաքուն կարող է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ուժային մեթոդներով։

«Մենք մշտապես բանակցությունների պատրաստակամություն ենք արտահայտել, սակայն պատրաստ ենք այս հարցը լուծել նաև զենքը ձեռքին, ինչը և այժմ իրականացվում է։ Մեր գրավյալ տարածքները ազատագրելու համար որևէ թույլտվություն պետք չէ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։