Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտությունում վարձկանների շարունակվող ներգրավումը անհանգստացնում է Մոսկվային, շեշտում է Լավրովը


Մոսկվան անհանգստացած է, որ շարունակվում է վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Նրանց քանակը մոտենում է 2 հազարի։ Ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտում» այսօր տպագրված հարցազրույցում։

Նա ասել է, որ այդ թեման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շոշափել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցում, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ պարբերաբար շփումներում։

«Հետևողականորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ մղել մեր դիրքորոշումը»,- հավաստիացրել է նա։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանի` որպես հիմնական միջնորդի խնդիրն է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին դուրս գալու տաք փուլից և սրված հակամարտության լուծման խաղաղ միջոցներ գտնել։

Հիշեցնելով հումանիտար հրադադար հաստատելու Մոսկվայում ձեռք բերված համաձայնության մասին` Լավրովն ասել է, թե Ռուսաստանը հնարավորինս անում է, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահ գործընկերներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, որպեսզի այդ համաձայնությունը կյանքի կոչվի։

«Զուգահեռաբար առաջարկում ենք քաղաքական կարգավորման տարբեր առաջարկներ։ Ակնկալում ենք, որ Բաքվում և Երևանում կգերիշխի կառուցողական մոտեցումը, մարտական գործողությունները կդադարեցվեն, ու ղարաբաղյան գործընթացը քաղաքական հուն կվերադառնա»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

XS
SM
MD
LG