Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ՀՀ ԱԳՆ-ն «պետական ահաբեկչության հերթական դրսևորում է» որակում

Ստեփանակերտի ծննդատունը ռմբակոծությունից հետո, 28-ը հոկտեմբերի, 2020

Հայաստանի արտգործանախարարությունը հայտարարում է՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների շարունակական թիրախավորումը ևս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նպատակը՝ առավելագույն զոհեր հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը, հատկապես առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին:

Արտգոծրնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր մեկնաբանության մեջ սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում է որակել, որն, ըստ խոսնակի, իրականացվում է մի պետության կողմից, որը Թուրքիայի ջանքերով արդեն իսկ դարձել է Հարավային Կովկասում միջազգային ահաբեկիչների և գրոհայինների կուտակման կենտրոն:

«Արձանագրում ենք, որ Արցախի ժողովրդի համար ստեղծված գոյութենական վտանգների պայմաններում Արցախի իշխանությունները և Պաշտպանության բանակը ունեն սեփական բնակչությունը պաշտպանելու և թշնամուն հակահարված տալու անքակտելի իրավունք», - ասված է խոսնակի մեկնաբանությունում:

Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ։