Բռնությունն ու արյունահեղությունը պետք է դադարեն, շեշտում է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը

Դեսպան Մորս Թան, լուսանկարը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջից

Հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն իրենց պարտավորությունները հումանիտար իրավունքների հանդեպ և պաշտպանեն քաղաքացիներին: Այս մասին հայտարարեց ԱՄՆ Պետքարտուղարությունը ներկայացնող՝ համաշխարհային քրեական արդարադատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Մորս Թանը, երեկ տեսակապով մասնակցելով Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիսին:

«Բռնությունն ու արյունահեղությունը պետք է դադարեն», - շեշտեց Թանը:

Դեսպանը նշեց, որ ԱՄՆ-ը շարունակում է ջանքեր գործադրել կայուն հրադադար հաստատելու համար. - «Միացյալ Նահանգները կոչ է անում լուծել հակամարտությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների շրջանակում»։

Մորս Թանի խոսքով՝ ԱՄՆ-ը մտահոգված է քաղաքացիական անձանց շրջանում զոհերի աճող թվերով, օբյեկտների թիրախավորմամբ։

Դեսպանն ընդգծեց, որ հակամարտող կողմերի ռազմաքաղաքական ղեկավարությունները պատասխանատու են քաղաքացիական անձանց և օբյեկտների թիրախավորման համար։