Կորոնավիրուսով վարակված 679 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին, հայտարարում է Առողջապահության նախարարությունը:
Անցած տասն օրերի ընթացքում օրական արձանագրվում է միջինը 2 հազար նոր դեպք։ Առողջապահության նախարարության պատասխանատուներն արդեն երկու շաբաթ է՝ հայտարարում են՝ համակարգը կոլապսի եզրին է, հոսպիտալացվում են նրանք, ովքեր թթվածնի կարիք ունեն և գտնվում են ծանր վիճակում։
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 441-ով, հիվանդությունը ևս 22 մարդու կյանք է խլել։ Երեկ գրանցվել էր մահացության ամենաբարձր ցուցանիշը, մահացել էր 41 մարդ։
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը մեկն է այն 25 հիվանդանոցներից, որ զբաղված է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ։ Հիվանդանոցն այս պահին ազատ մահճակալ չունի, «Ազատությանը» փոխանցեց փոխտնօրեն Կարեն Պողոսյանը։ «Ներկա պահին մեր 192 տեղերն էլ զբաղված են կենտրոնի, և 22 մահճակալները վերակենդանացման բաժանմունքի, բնականաբար, բոլորը զբաղված են, 11 ծանր և 11 ծայրահեղ ծանր հիվանդներ ունենք պառկած», - ներկայացրեց Պողոսյանը:
Բժիշկն ընդգծում է՝ անցած ամիսների համեմատ, հատկապես պատերազմի այս շրջանում իրենց աշխատանքը գրեթե կրկնապատկվել է. «Այո, սկզբում՝ գրեթե երեք ամիս, մահ չունեցանք, բայց, ցավոք, հետո ունեցանք, իսկ հիմա օրական մահերի քանակը զգալի աճել է, որովհետև արդեն ընդունվում են ծանր վիճակում, խիստ թթվածնի կարիք ունենալով, բնականաբար, դա բերում է հետևանքների, եթե առավել ևս ունենում են ուղեկցող հիվանդություններ, բերում է ծանր հետևանքների, և, բնականաբար, մահերի թիվն էլ է աճել»:
Կարեն Պողոսյանը վերջերս է վերադարձել առաջնագծից, հորդորում է պահպանել անվտանգության կանոնները, որ գոնե բժիշկները հնարավորություն ունենան վիրուսի դեմ համառ պայքար մղելու փոխարեն զբաղվել զինվորների կյանքի և առողջության փրկությամբ։ Ասում է՝ յուրաքանչյուր վարակված քաղաքացի զինվորից խլում է այդքան պահանջված բուժաշխատողին։
«Այդ առումով փոփոխություն չունենք ուղղակի փոփոխությունը նրանում է, որ հիվանդության ծավալների մեծացման և սպասարկման ծավալների մեծացման հետ կապված արդեն ընդունվում են բավականին ծանր վիճակում, և արդեն պայքարը բավականին դժվար է լինում», - նշեց բժիշկը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն, անցած մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 510 մարդ, ընդհանուր առմամբ՝ համավարակի առաջին դեպքի արձանագրումից ի վեր այս հիվանդությունից բուժվել է 55 հազար 827 մարդ, մահացել՝ 1362-ը, ևս 373 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Ընդհանուր առմամբ Հայաստանում, պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսով մարտից վարակվել է 92 հազար 254 մարդ, այս պահին COVID-19-ից բուժվում է գրեթե 35 հազար մարդ։