Մատչելիության հղումներ

Առաջնագծում՝ պատերազմ, թիկունքում՝ համաճարակ. ըստ ԱՆ ներկայացուցչի՝ առողջապահական համակարգը կոլապսի եզրին է


Առաջնագծում կրակը չի մարում, թիկունքում` համաճարակը: Պատերազմի սկսվելուց հետո կորոնավարակը մոլեգնում է հանրապետությունով մեկ օրեցօր աճող ցուցանիշով: Այսօր մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել մարտից ի վեր. վարակված 41 մարդ է մահացել:

Առողջապահական համակարգը կոլապսի եզրին է, ահազանգում է Առողջապահության նախարարության կովիդ-ծառայությունները համակարգող Գևորգ Սիմոնյանը. - «Բոլոր օղակները` ամենացածրից մինչև ամենաբարձր օղակն առողջապահական գերլարումով են աշխատում: Կարծում եմ` կոլապսի եզրն է այս ամեն ինչը: Չեմ ուզում ապոկալիպսիկ գնահատականներ տալ, բայց ունենք այն, ինչ ունենք»:

Այսօրվա տվյալներով՝ 5000 թեստավորվածի գրեթե կեսը՝ 2381-ը վարակված են եղել։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ՝ հիվանդանոցները գերծանրաբեռնված են, վերակենդանացման բաժանմունքները՝ լեփ-լեցուն, թոքաբորբով ծանր հիվանդները հաճախ ստիպված են տանը սպասել հոսպիտալացման իրենց հերթին:

Բժշկական կենտրոններում բուժվողները 2300-ից ավելի են, հազարը ծայրահեղ ծանր վիճակում են. - «Շատ մարդիկ այս պահին ուղղակի հերթի մեջ, ովքեր ծանր և ծայրահեղ վիճակում են, սպասում են, որպեսզի մահճակալ ազատվի, և իրենք կարողանան տեղափոխվել և իրենց բուժումը շարունակել: Ես ցավով պետք է նշեմ, որ երբեմն այդ մահճակալներն ազատվում են, որովհետև մարդիկ են մահանում: Խոսքը վերակենդանացման բաժանմունքներին է վերաբերում»:

Վարակի բռնկման առաջին փուլում՝ հունիս- հուլիս ամիսներին, 20 բժշկական կենտրոն էր հիվանդության բուժմամբ զբաղվում, այժմ՝ 25։ Ըստ Գևորգ Սիմոնյանի՝ բժշկական կենտրոնները կարող են ընդլայնվել, բայց այս աճող թվերի դեպքում թթվածնի ու բուժանձնակազմի ռեսուրսը կարող է չբավարարել. - «Բայց ունենք դիցուք` թթվածնի մատակարարման խնդիր, որովհետև Հայաստանի Հանրապետությունում թթվածնի դեֆիցիտ կա, այսինքն` արտադրոողներն իրենց մաքսիմումով են աշխատում, մեր կայաններն իրենց մաքսիմալ արտադրողականությամբ են աշխատում, ու նոր կենտրոնները` որպես քովիդ-կենտրոններ ծավալելիս թթվածնի խնդիր ենք ունենում, երկրորդը` արդեն անձնակազմի խնդիր ենք ունենում, մասնավորապես ռեանիմատոլոգների, որովհետև իրենք 2 ճակատով են աշխատում` մեկը ռազմաճակատն է, մյուսը` թիկունքը»:

Ըստ Սիմոնյանի՝ վարակի տարածման պատճառն այն է, որ հանրության մի ստվար զանգված շարունակում է անտեսել հակահամաճարակային կանոնները՝ ծայրահեղ ծանր վիճակ ստեղծելով պատերազմի ու համաճարակի ճակատներում պայքարող բժիշկների համար. - «Այսքան զոհեր, որ մենք ունեցանք առաջնագծում, դա նաև նշանակում է, որ այդքան հուղարկավորության արարողություններ ունեցանք, իսկ հուղարկավորության արարողությունները հայտնի են որպես շատ բարձր ռիսկի գոտի համաճարակային իմաստով»:

Չնայած վարկվածության ու մահացության ռեկորդային թվերին՝ այս փուլում խիստ սահմանափակումներին վերադառնալու հարցը դեռ չի քննարկվում։ Սիմոնյանն ասում է՝ պատերազմող երկրում դա կարող է հանգեցնել տնտեսական ծանր հետևանքների։ Մինչդեռ համաճարակը կարող է նահանջել, եթե քաղաքացիներն ընդամենը հետևեն հակամահամաճարակային տարրական կանոններին՝ կրեն դիմակ, պահպանեն սոցիալական հեռավորություն. - «Մի պահ գալու է, որ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական հնարավորությունները, զուտ հիվանդանոցային մահճակալային ֆիզիկական հնարավորությունները չեն բավարարելու, մենք արդեն այդ եզրին ենք, արդեն օրվա ընթացքում լինում է, որ այդ եզրը հատում ենք, երբ չեն բավարարում հոսպիտալացնել անհրաժեշտ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացիներին, բայց մի հատ պահ կգա, որ թերևս հայտնվենք կոլապսի մեջ իր բոլոր բացասական հետևանքներով»:

Մարտից մինչ օրս Հայաստանում վարակակիրների քանակը մոտենում է 90 հազարին, մահացել է 1341 հիվանդ, այս պահին փաստացի բուժվում է ավելի քան 32 հազար մարդ։

XS
SM
MD
LG