Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պատասխանը

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Ռուսաստանի նախագահին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակին և Ռուսաստանի պատասխանին:

Ինչպես հայտնում է iLur.am-ը, Լևոն Տեր-Պետորսյանը մասնավորապես նշել է. «Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։

Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել ՀՀ անվտանգության ապահովման համար:

Ի պատասխան Փաշինյանի նամակի, ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է՝ Ռուսաստանը, դաշնակցային պայմանավորվածությունների համաձայն, անհրաժեշտ ողջ աջակցությունը կցուցաբերի, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք: