ԱՄՆ-ն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել

Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել, այսօր հայտարարել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը:

«Երեք հրադադարի պայմանավորվածությունները չեն իրականացել։ Ցավոք, դժվար է պատկերացնել հրադադարի երկարատև պահպանումը, եթե դրանում ներգրավված չեն բազմազգ խաղաղապահ ուժեր կամ դիտորդներ։ Իհարկե, ցանկացած խաղաղապահ առաքելություն չպետք է լինի Մինսկի խմբից, այդ թվում` համանախագահ երկրներից, ներառյալ ԱՄՆ-ից և հարևան երկրներից։ Թուրքիայի ցանկացած միջնորդություն կամ խաղաղապահ առաքելություն ընդունելի չէ ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի համար», - նշել է նա։

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Օ՛Բրայանն ավելի հստակեցրել է խաղաղապահների տեղակայման վերաբերյալ իրենց առաջարկը. - «Մենք կարծում ենք, որ երկու կողմն էլ պետք է ընդունի սկանդինավյան խաղաղապահների գաղափարը, և մենք աշխատում ենք սկանդինավյան կառավարությունների հետ՝ ձևավորելու խաղաղապահ ուժեր, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում, հրադադարը պահպանելու համար: Մենք կարծում ենք, որ մենք առաջընթաց ունենք դիտորդների տեսակների հարցի շուրջ։ Շատ բարդ իրավիճակ է, երկու կողմն էլ տարբեր դաշնակիցներ ունեն, դրա համար կարիք կա չեզոք դիտորդների։ Այդ պատճառով էլ կարծում ենք, որ խաղաղապահները Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից և Նորվեգիայից երկու կողմերի պահանջներն էլ կբավարարի։ Նրանք շատ արդյունավետ զինվորներ են, լավ պատրաստված են, և մենք աշխատում ենք այս կառավարությունների հետ՝ տեսնելու, թե արդյոք կկարողանանք գլուխ բերել զինված դիտորդ ուժերի, որոնք կնպաստեն հրադադարին»:

Միաժամանակ ԱՄՆ նախագահի խորհրդականը նշել է, որ «ադրբեջանական ուժերը գրավել են մի քանի ստրատեգիական բնակավայրեր և տարածքային առաջխաղացումներ ունեն շփման գծի հյուսիսային և հարավային ուղղություններով, երկու կողմից»: Նա արձանագրել է` ոչ մի նշան չկա, որ Ադրբեջանը ցանկանում է մոտ ապագայում դադարեցնել իր ռազմական հարձակումը։ «Ադրբեջանը օգտագործել է նավթի արդյունահանումից ստացած գումարները՝ ավելի ժամանակակից զինտեխնիկա գնելու համար, և նրանք տեխնիկական և խորհրդատվական աջակցություն են ստանում Թուրքիայից։

Չնայած Թուրքիայի ժխտումներին, կան արժանահավատ հաղորդումներ, որ Թուրքիան զինյալների է տեղակայել Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազգային բանակից» հակամարտության գոտում», - շեշտել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Սրանից մի քանի օր առաջ նախընտրական քարոզարշավում ելույթ ունենալով ԱՄՆ նախագահը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, շեշտել էր. - «Մենք ամեն ինչ կկարգավորենք: Դա հեշտորեն գլուխ կգա, եթե գիտես` ինչ ես անում»:

Առավել մանրամասն տես այստեղ