Արարատի, Վայոց Ձորի կամ Սյունիքի մարզերում գտնվելը վտանգավոր չէ, վստահեցնում է ԱԺ փոխնախագահը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Արարատի, Վայոց Ձորի կամ Սյունիքի մարզերում գտնվելը վտանգավոր չէ ո՛չ Հայաստանի, ոչ Միացյալ Նահանգների, ո՛չ էլ որևէ 3-րդ երկրի քաղաքացիների համար, ասում է Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլը») Ալեն Սիմոնյանը` արձագանքելով Հայաստանում ԱՄՆ դեսպանատան երեկ տարածած նախազգուշական հայտարարությանը, որով կոչ էր արվում ԱՄՆ-ի քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղ չգնալուց բացի, խուսափել նաև Տավուշի հյուսիս-արևելքից, Գեղարքունիքի հարավ-արևելքից, ինչպես նաև Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր այցելելուց: Ըստ էության ներառվել են Ադրբեջանի, այդ թվում` Նախիջևանի հետ սահմանակից բոլոր մարզերը։

«Չեմ կարծում, որ նման տեղեկատվություն կա, որ օրինակ` Արարատի մարզում գտնվելը Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ որևէ այլ քաղաքացու համար վտանգավոր է: Սա ուղղակի զգուշություն է, պրատակոլային զգուշություն է», - ասաց Սիմոնյանը:

Դեպի Հայաստանի կոնկրետ հատվածներ ճամփորդելուց խուսափելու վերաբերյալ հայտարարություն ԱՄՆ-ի դեսպանատունն առաջին անգամ չէ, որ տարածում է։ Հոկտեմբերի 29-ից բացի, նման հայտարություն էին տարածել նաև հոկտեմբերի 2-ին, որտեղ հորդորել էին դեսպանատան աշխատակիցներին ու Միացյալ Նահանգների քաղաքացիներին առհասարակ խուսափել Երևանից դուրս որևէ բնակավայր այցելելուց։ Հոկտեմբերի 2-ից առաջ էլ` պատերազմի մեկնարկի օրը` սեպտեմբերի 27-ին էին զգուշացրել, որ ունեին տեղեկություններ Ղարաբաղում զինված բախումների մասին։

Կա՞ն արդյոք զորքերի կուտակումներ Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին, լրագրողները երեկ ուշ երեկոյան հետաքրքրվեցին Պաշտպանության նախարարության (ՊՆ) ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանից։ «Շարժեր, կուտակումներ ամբողջ սահմանի երկայնքով էլ կան, բայց իրավիճակը հանգիստ է այդ ուղղությամբ, այդ ուղղություններով ընդհանրապես, այլ բան չեմ կարող ասել», - նկատեց ՊՆ ներկայացուցիչը:

Հավանակա՞ն է արդյոք, որ մարտական գործողութուններն Արցախից տեղափոխվեն նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններ, հետաքրքրվեցինք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից։ «Կարող եմ հենվել այն տեղեկությունների վրա, որոնք ունեմ. իմ ունեցած տեղեկություններով` նման հավանականությունը շատ-շատ քիչ է», - պատասխանեց պատգամավորը:

Ադրբեջանը խուսափում է պատերազմում ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի ներգրավումից. Ռիչարդ Կիրակոսյան

Անդրադառնալով նույն հարցին` քաղաքական մեկնաբան Ռիչարդ Կիրակոսյանը նկատում է, որ Ադրբեջանը ուշադիր է, որ խուսափի Հայաստանի ուղղությամբ ուղիղ հարվածներ հաճախ հասցնելուց. - «Նրանք վախենում ու խուսափում են պատերազմում ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի ներգրավումից»։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարն ավելացնում է, որ մի կողմից` տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանը խուսափում է Արցախից դուրս լայնածավալ պատերազմից, մյուս կողմից` Ադրբեջանի անշրջահայց քայլերում հաճախ տրամաբանություն չկա, ասում է նա։

«Նկատի ունեմ, որ այնուամենայնիվ ռիսկեր կան, քանի որ Ադրբեջանի բնույթը կանխատեսելի չէ։ Եվ նույն հարցին 3-րդ պատասխանս այն է, որ Թուրքիայի կողմից Ադբեջանին տրվող աջակցությունը ցանկացած սցենարի իրականացում հավանական է դարձնում, որքան էլ որ տհաճ լինի մեզ համար այս գիտակցումը»։