Ինչ է նշանակում վարչապետի նշած «ցավոտ փոխզիջումը». քաղաքական գործիչների մեկնաբանությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է՝ կողմ է, որ Արցախի հակամարտության գոտում տեղակայվեն ռուս խաղաղապահներ։ Փաշինյանն այս մասին ասել է բրիտանական The Daily Telegraph պարբերականի հետ հարցազրույցում:

Ստեփան Գրիգորյան

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ այս ուղերձով վարչապետն ավելի է շեշտադրում Ռուսաստանի հետ համագործակցության կարեւորությունը։ Պատերազմական առաջին օրերին վարչապետի դիրքորոշումն այսքան հստակ չէր․ - «Պատերազմի սկզբից հայտարարություն արեց՝ մենք դեմ չենք ուսումնասիրել խաղաղապահների հարցը Մինսկի խմբի շրջանակներում։ Հիմա ուժեղացրեց, հիմա ասեց՝ ոչ միայն դեմ չենք, որ քննարկվի, նաև կողմ ենք, որ ռուս խաղաղապահները․․․ Այո, դինամիկա է, քանի որ պատերազմը Ադրբեջանի հետ չի, պատերազմը նաև Թուրքիայի հետ է։ Էդ հավասար ուժեր չեն։ Ուրեմն շատ նորմալ է, որ Նիկոլ Փաշինյանը ակցենտները ուժեղացնում է դեպի Ռուսաստան, համագործակցություն և այլն, և այլն։ Ուղերձը շատ հասարակ է՝ էսօրվա իշխանությունները Ռուսաստանի հետ աշխատում են, աշխատել են, պատրաստ են աշխատել, ու ոչ մի մտավախություն չպետք է լինի Պուտինի մոտ դրա հետ կապված»։

Պատերազմի թեժ փուլում հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին հայտարարություններն անհասկանալի են Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար։

Էդմոն Մարուքյան

Թեմայի շուրջ հանրային քննարկումներ դեռ չկան, իսկ եթե պետությունն արդեն որոշել է, այդ ո՞ր շրջաններում են այդ ուժերը տեղակայվելու, հարցնում է ընդդիմադիր պատգմավորը․ - «Ըստ էության մի բան ակնհայտ է՝ որ այս պատերազմի ավարտին շատ դժվար է լինելու կամ ընդհանրապետ կարող ա անհնար լինի առանց միջազգային կոնտինգենտի էնտեղ շարունակել ապահովել նորմալ, բնականոն կենցաղվարություն, մարդկանց կյանք։ Հետևաբար պետք է ինչ-որ կոնտինգենտ պահպանի էդ խաղաղությունը։ Որովհետև ակնհայտ ա դառնում, որ մենք չենք կարողանում իրար հետ պահպանենք էդ խաղաղությունը։ Բայց էդտեղ բազմաթիվ հարցերի պատասխաններ դեռ պետք է վարչապետը տա։ Թե որտե՞ղ ենք կանգնելու, ո՞ր բնագծերում են կանգնելու, յոթ շրջանները ներառյալ ա, յոթ շրջանները ներառյալ չի, Շահումյանն ու Գետաշենը ներսում են, թե ներսում չեն։ Էդ հարցերի պատասխանները պետք է տան, և պետք է բաց, հրապարակային քննարկումներ սկսվեն»։

«Հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումն այլընտրանք չունի», - ասում է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ - «Թուրքիան տարաշածրջան է մտել, հայոց պետականությունն է վտանգի տակ։ Եվ այդ վտանգը չեզոքացնելու ամենաարդյունավետ, միգուցե միակ գրավականը, դա եղբայրական Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն է, այդ թվում նաև՝ հենց ռուսական խաղաղապահների տեղակայումը։ Մնացած բոլոր խաղաղապահները․․․ մենք պետք է իրատես լինենք, այլևս չզբաղվենք շահարկումներով՝ ով է արևմտամետ, ով է էս մեկը, էն մեկը։ Մենք պետք է շարժվենք մեր ազգային շահերով։ Ռուսական խաղաղապահները միակ գործոնն են, որ կարող են խաղաղությունն ու կայությունը էֆեկտիվ պահպանել»։

Վարչապետ Փաշինյանը չորս օր առաջ էլ ժողովրդին ուղղված իր ուղերձում հիշատակել էր ցավոտ փոխզիջումների մասին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը ցանկանում է հայ ժողովրդի կապիտուլյացիան, հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլացիայի։ Թե վարչապետն ինչ նկատի ուներ՝ ցավոտ փոխզիջումներ ասելով, փակագծեր չէր բացել։

Երեկ էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անդրադառնալով հակամարտության կարգավորմանը հայտարարել էր. – «Մենք ի սկզբանե ելնում էինք այն մտքից, որ պետք է խոսել Ադրբեջանին հինգ, ապա ևս երկու շրջանների վերադարձի հնարավորության մասին՝ Ղարաբաղի համար որոշակի ռեժիմի և Հայաստանի հետ գործակցության ապահովմամբ»։

Վլադիմիր Պուտինը ըստ էության խոսել էր կարգավորման լավրովյան պլանի մասին, որի առաջին փուլում Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք չկա։

Արդյո՞ք վարչապետը ցավոտ փոխզիջման մասին խոսելով՝ հենց Լավրովյան պլանի հնարավոր իրագործումը նկատի ուներ, հարցրինք Արցախի նախագահի խորհրդականին։

Դավիթ Բաբայան

«99 տոկոսը կախված է մարտադաշտից։ Կրկնում եմ՝ եթե ադրբեջանցին, թուրքը և ահաբեկիչները հասնեն իրենց նպատակին և ոչնչացնեն Արցախը, ի՞նչ պլանի մասին է խոսքը։ Հիմա պետք է կանգնեցնել և կանգնեցնում ենք, պարտադրենք խաղաղությունը, որից հետո երբ որ կսկսվի քաղաքական գործընթացը, մենք պետք է ձգտենք մեկ բանի՝ վերջնականապես կարգավորել այս հարցը, որ որևէ խնդիր չլինի ապագայի համար։ Որովհետև այլ տարբերակ չկա։ Հիմա կլինի դա լավրովյան պլանը, կլինի նոր պլան, չգիտեմ ինչ կլինի, դա ցույց կտա ապագան»։

Վլադիմիր Պուտինը խոսում էր լավորվյան պլանի մասին, բայց բացառվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար սա ընդունելի լինի, ասում է քաղաքագետ Գրիգորյանը՝ շեշտելով ռուս խաղաղապահների տեղակայմանը կողմ լինելը դեռ չի նշանակում ընդունելի համարել լավորվյան պլանը։ Այս պլանը միակողմանի զիջում է․ - «Վարչապետը բացառվում է, որ համաձայնի ինչ-որ զիջումների՝ առանց Արցախի կարգավիճակի։ Դա բացառվում է»։

Էդմոն Մարուքյանի խոսքով, թե՛ Փաշինյանի բնութագրած ցավոտ փոխզիջումների, թե խաղաղապահների հարցերի մասին հայկական կողմը պետք է բաց խոսի։ Մինչև այս պահը դրանք լայն քննարկման չեն արժանացել, և շատ հարցեր են ծագում․ - «Լայն հասարակության շերտերը որևէ ձևով տեղեկացված չեն, այդ թվում՝ նաև խորհրդարանական ուժերը»։