Օմբուդսմենը «ենթադրելի» է համարում, որ 84-ամյա Մելքումյանը մահացել է դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների հետևանքով

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

Այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ազատության» հետ զրույցում օմբուդսմենն ասաց, որ հաշվի առնելով բոլոր ապացույցները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը՝ ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ տարեց քաղաքացիական անձը։

«Հաշվի առնելով, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը վարվում հայ գերիների, հայերի հետ, ովքեր գերեվարվելու [հետևանքով] կամ այլ կերպ հայտնվում են Ադրբեջանում, ինչ անմարդկային վերաբերմունքի են արժանանում, ինչ դաժան վերաբերմունքի են արժանանում, խոշտանգման՝ ապա այստեղ ենթադրելի է, թե այդ մարդու մահը ինչի պատճառով կարող է վրա հասած լինել։ Այս պահին այս ենթադրությունը հիմնավոր ենթադրություն է։ Դա հիմնված է այն ապացույցների, այն փաստագրված ինֆորմացիայի վրա, թե այս ողջ ընթացքում ինչպես է Ադրբեջանի զինված ուժերը վարվում մեր գերեվարված կամ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հայրենակիցների հետ, դաժանությամբ ու խոշտանգման ձևերով», - նշեց Թաթոյանը։

Երեկ Հայաստան է վերադարձվել 85-ամյա գերի Եվգենիա Բաբայանը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին խոսել էր նաև քաղաքացիական երկրորդ անձի՝ տարեց տղամարդու մասին՝ նշելով, որ վերջինիս ճամփորդությունն այդ պահին բժշկական առումով հակացուցված է եղել։ Ամատունին ասել էր, որ համաձայնություն էր ձեռք բերվել, որ նա էլ կարող է վերադարձվել, երբ առողջական վիճակը թույլ տա։

Ե՛վ Արման Թաթոյանը, և՛ Զառա Ամատունին «Ազատությանը» փոխանցեցին, որ խոսքը նույն մարդու՝ Միշա Մելքումյանի մասին է։

«Մենք պատրաստակամ ենք որքան հնարավոր է արագ տեղափոխել իր մարմինը Հայաստան», - հավելեց Զառա Ամատունին։

Մարդու իրավունքների պաշտպանը խոսեց նաև այս ընթացքում մարդասիրական առաքելության իրականացման հնարավորությունների բացակայության մասին․ - «Առհասարակ մարդասիրական առաքելության հնարավորության բացարձակ բացակայությունը շատ անմարդկային երևույթ է, որ հատուկ դարձավ այս պատերազմական գործողություններին։ Մենք ունենք դիակներ, ունենք գերիներ, որոնց փոխանակումը չի իրականացվում։ Դիակների փոխանակումը չի իրականանացվում։ Հնարավորություն չի լինում կողմը վերցնի իր դիակները նաև անդադար զինված հարձակումների պատճառով, այն պատճառով, որ չեն դադարում այդ զինված հարձակումները։ Եվ սա ոչ միայն անմարդկային վերաբերմունք է գերիների նկատմամբ, անարգանք է դիակների նկատմամբ, այլև անմարդկային վերաբերումք է ու խախտում է այն մարդկանց իրավունքները, ովքեր գերիների կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մարդկանց ազգականներն են, հարազատներն են»։