Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ժնևում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ադրբեջանական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ևս «աշխատանքային այցով գտնվում է Ժնևում»:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները դեռ երեկ պետք է մեկնեին Շվեյցարիա, սակայն այցը հետաձգվել էր:

Ժնև մեկնելուց առաջ Զոհրաբ Մնացականյանը երեկ ուշ երեկոյան Երևանում ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիին, ով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Թեհրանի առաջարկն է ներկայացնում հակամարտող կողմերին և տարածաշրջանի պետություններին:

Իրանի փոխարտգործնախարար Արաղչին այցելել է Բաքու, Մոսկվա, Երևան և պետք է մեկնի Անկարա:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպելուց առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկում են անցկացրել:

Այս պահին դեռ հայտնի չէ, թե արդյոք քննարկումներից հետո կհրապարակվի որևէ հաղորդագրություն մամուլի համար: