Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Ժնևում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ԱԳՆ-ն քիչ առաջ «Ազատությանը» փոխանցեց, որ նախարարն արդեն ժամանել է Ժնև:
Ադրբեջանական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն «աշխատանքային այցով գտնվում է Ժնևում»:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները դեռ երեկ պետք է մեկնեին Շվեյցարիա, սակայն այցը հետաձգվել էր:
Ժնև մեկնելուց առաջ Զոհրաբ Մնացականյանը երեկ ուշ երեկոյան Երևանում ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիին, ով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Թեհրանի առաջարկն է ներկայացնում հակամարտող կողմերին և տարածաշրջանի պետություններին:
Իրանի փոխարտգործնախարար Արաղչին այցելել է Բաքու, Մոսկվա, Երևան և պետք է մեկնի Անկարա:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպելուց առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկում են անցկացրել: Բանակցությունները տեղի կունենան դռնփակ ռեժիմով:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, այս պահին դեռ հայտնի չէ, թե արդյոք քննարկումներից հետո կհրապարակվի որևէ հաղորդագրություն մամուլի համար: