Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների Մոսկվայում հանդիպել Փաշինյանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ առանց նախապայմանների:

Սեպտեմբերի 27-ից ի վեր՝ ղարաբաղյան պատերազմը սկսվելուց հետ, Ալիևն առաջին անգամ է խոսում առանց որևէ պայմանի հանդիպման հնարավորություն մասին:

«Նշեմ, որ Մոսկվայում հանդիպելու որևէ կոնկրետ առաջարկ այս պահին դեռ չկա, ես այդպիսի հրավեր չեմ ստացել», - «Ինտեֆաքս»-ին տրված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահը՝ ավելացնելով, թե նախկինում շատ հանդիպումներ են անցկացվել Ռուսաստանում: Նա ասել է, թե Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ շատ հանդիպումների է մասնակցել, բայց Փաշինյանի իշխանության գալուց հետո այդպիսի հանդիպում տեղի չի ունեցել:

Ալիևն ընդգծել է, որ այդ հանդիպումները դրական է համարում, քանի որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի անդամ, հատուկ դերակատարություն ունի կարգավորման գործընթացում:

«Ռուսաստանը միշտ սերտ կապեր է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և այսօր էլ քաղաքական ու տնտեսական առումով ակտիվորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, Ռուսաստանը մեր հարևանն է: Դրա համար էլ հանդիպումների մեծ մասը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում, բայց Փաշինյանի օրոք նման բան չի եղել: Ես չգիտեմ, թե որքանով նման հանդիպումը հիմա արդյունավետ կլինեն, բայց եթե ստացվի [Մոսկվա մեկնելու] հրավեր, մենք դա միշտ դրական ենք վերաբերվել և կվերաբերվենք դրական», - ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը ռազմական կորուստների մասին ոչինչ չի ասել, նշելով, որ զոհվածների թիվը կհրապարակվի ռազմական գործողություններից հետո: Ադրբեջանը միայն հայտարարում է քաղաքացիական անձանց շրջանում կորուստների մասին: Այսօր ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևն ասել է, թե հայկական կողմի հրետակոծության հետևանքով Բարդա քաղաքում 20 բնակիչ է զոհվել, տասնյակ վիրավորներ կան:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները՝ նշելով. «Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն «Սմերչ»-ով հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է»: