Մատչելիության հղումներ

Համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի կրակակետերը լռեցվել են, հայտնում է ԼՂ ՊԲ-ն


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը:

«Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվել մայրաքաղաքի ծննդատանը, երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և վիրավորներ», - նշված է հաղորդագրությունում:

ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում՝ հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում հակառակորդ կողմին հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին, հակառակ դեպքում՝ համարժեք պատասխանն իրեն երկար չի սպասեցնելու», - ասված է հայտարարությունում:

Արցախի ռազմական գերատեսչության մեկ այլ հաղորդագրությունում ասված է. - «Պաշտպանության բանակը բազմիցս է ընդգծել իր հանձնառությունը կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին: Սակայն այդ պայմանավորվածությունների մասին ադրբեջանական կողմի պատկերացումները կարծես թե ամբողջությամբ այլ են. իրենք այդ պայմանավորվածությունները կարծես թե մեկնաբանում են՝ որպես Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքները թիրախավորելու, արցախահայությանը բնաջնջելու թույլտվություն: Դա այդպես չի կարող լինել: Արցախի ՊԲ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Արցախի ժողովրդին ուղղված ցանկացած վտանգ չեզոքացնելու ուղղությամբ»:

XS
SM
MD
LG