Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Արցախի հերոսի կոչում է շնորհվել պաշտպանության այժմ նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին:
«Այսօր որոշում եմ կայացրել Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում», - գրում է Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում:
«Սա առաջին հերթին մեր բանակի հերոսական պայքարի գնահատականն է. այն պայքարի, որ, պատերազմի առաջին իսկ օրից սկսած, մղում են թե՛ հրամկազմը, թե՛ բոլոր ստորաբաժանումները` ցուցաբերելով աշխարհի ամենաբարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը: Ջալալ Հարությունյանը մեր հերոսն է, և նրա օրինակով մենք պետք է սերունդներ դաստիարակենք», - շեշտում է Արցախի նախագահը:
«Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է և շուտով կմիանա ծառայակից ընկերներին: Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին», - որպես հետգրություն նշում է Արայիկ Հարությունյանը:
Երեկ առավոտյան հաղորդվեց, որ Ջալալ Հարությունյանը վիրավորում է ստացել մարտական դիրքում, և Արցախի պաշտպանության նախարար է նշանակվել Միքայել Արզումանյանը: