ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների ղեկավարները ԱԽ հրատապ նիստ անցկացնելու առաջարկությամբ դիմել են վարչապետին

ԱԺ-ի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով այսօր Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել, որտեղ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվի ստեղծված իրավիճակը։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ առաջիկայում Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու վերաբերյալ տեղեկություն չունի։

«Եթե առաջիկայում տեղի ունենա Անվտանգության խորհրդի նիստ, պատշաճ տեղեկատվություն կտրամադրվի», - ասաց Խաչատրյանը։

Անվտանգության խորհրդի վերջին նիստին մասնակցել էին նաև խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։

Ընդդիմադիր խմբակցություններից փոխանցեցին, որ իրենց առաջարկության վերաբերյալ պաշտոնական պատասխան չեն ստացել։

Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հրապարակելով Ծառուկյանի ու Մարուքյանի ստորագրությամբ առաջարկը Ֆեյսբուքում, գրել էր․ - «Ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակում հրատապ է Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկելու, շատ կարևոր հարցեր ուղղելու և առաջարկներ անելու օրհասական անհրաժեշտություն կա»։

«Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանը կարծում է, որ պետք է քննարկում լինի. այն, ինչ գիտի իշխանությունը, ընդդիմությունն այսօր չգիտի, ամբողջական տեղեկատվությունը պետք է տրամադրվի, որ իրենք էլ առաջարկներ ներկայացնեն։ Օրինակ, ասաց, չգիտեն ի՞նչ ցավոտ փոխզիջումների մասին էր երեկ խոսում վարչապետ Փաշինյանը․ - «Այդ ուղերձը մենք միշտ ունեցել ենք, որ մենք միշտ էլ պատրաստ ենք փոխզիջումներով հարցը լուծել։ Բայց էս իրավիճակում, երբ որ հակառակորդը որոշ տեղերում դիրքային առավելություններ ունի, ինչ փոխզիջումների մասին է խոսքը, ես չեմ պատկերացնում։ Միգուցե պարոն վարչապետը կարող է դա ինչ-որ կերպ հստակեցնել, բայց էս պահին ես անձամբ չեմ պատկերացնում»։

Հայաստանի վարչապետը երեկ տղամարդկանց զինվորագրվելու կոչ արեց․ Փաշինյանի խոսքով, հայ ժողովուրդը պատրաստ է փոխզիջումների, անգամ՝ ցավոտ, բայց պատրաստ չէ կապիտուլիացիայի։ Իսկ Ադրբեջանը, ինչպես նախկինում, հիմա էլ ռազմական այս իրավիճակում պատրաստ չէ փոխզիջումների, ոչ թե Ղարաբաղի հարցի կարգավորում է ուզում, այլ՝ կապիտուլյացիա։ Հետևաբար, ըստ նրա, հայ ժողովուրդը սեփական շահերը պաշտպանելու ռեսուրսներ պետք է գտնի, որպեսզի Ադրբեջանի պահանջը լինի ոչ թե Ղարաբաղի կապիտուլյացիան, այլ փոխզիջումը:

Իշխանական «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը ասում է՝ Փաշինյանի հայտարարություններին նախորդել էին Ալիևի ռազմատենչ հայտարարությունները, և վարչապետի երեկվա ելույթը նպատակ ուներ մասնավորապես միջազգային հանրությանը ցույց տալ այն հսկայական անջրպետը, որը կա երկու երկրների ղեկավարների մոտեցումներում խնդրի խաղաղ կարգավորման հարցում։

Տաթևիկ Հայրապետյան

Այնուհանդերձ, ի՞նչ ցավոտ փոխզիջումներից էր խոսում Փաշինյանը։ Հայրապետյանի կարծիքով՝ բառերը «մի քիչ սուր են ընտրված»․ - «Ընդհանուր առմամբ, որոշակի բանակցային տրամաբանություն եղել է, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Ժամանակին Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում շատ բաց տեքստով խոսել է դրա մասին և նշել, որ Ադրբեջանն է խախտել պայմանավորվածությունները և չի գնացել լուծման։ Այժմ երբ խոսում ենք փոխզիջումների մասին, էլի որոշակի տրամաբանության համատեքստում ենք խոսում։ Բայց մեր ապրելու իրավունքը, Արցախում մեր ժողովրդի անվտանգությունը զիջման ենթակա չեն և չեն կարող լինել երբևիցե»։

Հարցին, թե արդյոք «ցավոտ զիջում» ասվածն անվտանգության գոտի կոչված տարածքներ են, Հայրապետյանն արձագանքեց․ - «Ֆիքսված չէ, որ այս տարածքը իրենք են վերահսկում, այն տարածքը՝ իրենք։ Ընդամենը մարտական գործողություններ։ Ես որևէ մեկնաբանության չեմ տա դրա հետ կապված։ Կասենք, երբ կավարտվեն մարտական գործողությունները, և երբ որ գնա արդեն հստակ բանակցային սեղան, կարող ենք քննարկել այդ հարցերը»։

Իսկ վարչապետ Փաշինյանն այդ մասին խոսելով, ըստ պատգամավորի, ցանկանում էր ցույց տալ «դիրքորոշումների հսկայական տարբերությունը և կոչ անել միջազգային հանրությանը մաքսիմալ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»։

Արդեն մեկ ամիս ձգվող պատերազմի ընթացքում հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանը կարողացել է վերահսկողություն սահմանել Ղարաբաղի անվտանգության գոտում գտնվող որոշ տարածքների նկատմամբ։ Երեկ, մասնավորապես, հայտարարվեց, որ Ադրբեջանին հաջողվել է գրավել Կուբաթլուն, մոտենալ Սյունիքի դարպասներին։

Տարոն Սիմոնյան

«Էսօրվա դրությամբ մենք ունենք խնդիր վերակազմակերպվելու, հատկապես հարավային հատվածում։ Մարտավարական խնդիրները լուծելու մեր զինվորները պատրաստ են, և նրանց բարոյահոգեբանական վիճակը բավականին բարձր մակարդակում է։ Նրանք սպասում են ընդամենը հրամանի խնդիրը լուծելու համար։ Եվ նրանք այդ խնդիրը կլուծեն։ Երբ որ խնդիրը լուծվի, երբ որ մենք կենսական նշանակության բոլոր այն տարածքները, որոնք որ այսօր օկուպացված են հակառակորդի կողմից, վերականգնենք, այդ ժամանակ կարելի է նստել բանակցային սեղանի շուրջ և մտածել փոխզիջումների մասին», - ասաց Տարոն Սիմոնյանը։