France 24 հեռուստաընկերությունը պնդում է՝ չնայած Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների շարունակական ժխտումներին, համացանցում՝ նախևառաջ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը վկայում են՝ սիրիացի վարձկանները Ադրբեջանում են։
Ֆրանսիական հեռուստաընկերությունը ի մի է բերել սիրիացի զինյալների՝ պատերազմին մասնակցության մասին վերջին մեկ ամսում ի հայտ եկած բոլոր փաստական տվյալները` նշելով, որ այս պահին առկա է տեղորոշված առնվազն չորս տեսանյութ, որոնք վկայում են վարձկանների Ադրբեջան ուղարկելու և ռազմական գործողություններին նրանց մասնակցության մասին։
Տեսանյութերից առաջինը Telegram սոցիալական ցանցում ներբեռնվել է պատերազմից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին։ Դրանում պատկերված են Ադրբեջանի սահմանապահ զորքերի համազգեստ հիշեցնող հագուստով մի խումբ տղամարդիկ՝ մարզման պահին։ Հետին պլանում խոսակցություններ են լսվում, որոնք, ըստ France 24-ի, Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջանների բնակիչներին բնորոշ արաբերենով են։
Ֆրանսիական հեռուստաընկերության կազմում աշխատող հետաքննող լրագրողների թիմին հաջողվել է պարզել, որ տեսագրությունն արվել է Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող Հավար Քիլիս գյուղում։ Ըստ France 24-ի լրագրողների՝ նկարահանումը կատարվել է թուրքամետ խմբավորումների ամենախոշոր բազաներից մեկում, վարձկանների՝ Ադրբեջան ուղևորվելուց առաջ։
Ֆրանսիական հեռուստաընկերության տեսադաշտում հայտնված երկրորդ տեսանյութն արդեն արվել է Ադրբեջանի տարածքում՝ Իրանի սահմանին գտնվող Հորադիզ քաղաքում։ Տեսանյությում երևում է կիսաբեռնատար (պիկապ) մեքենաների շարասյունը, որում գտնվող զինված մարդիկ արաբերեն վանկարկում են՝ «Մուհամեդ մարգարեն մշտապես առաջնորդելու է մեզ»։ France 24-ի տեղեկություններով` սա այն վանկարկումն է, որ ռազմական գործողությունների ընթացքում օգտագործում են Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիական ազգային բանակի» զինյալները։
Լրագրողները նաև նշում են, որ այս տեսանյութը համացանցում սկսել է շրջանառվել սեպտեմբերի 27-ին, սակայն նկարահանման կոնկրետ օրը հստակեցնել հնարավոր չի եղել։
Սիրիացիների՝ Ադրբեջանում գտնվելու մասին վկայող երրորդ տեսանյութը, ըստ ֆրանսիական հեռուստաընկերության, Հալեպում գործող լրատվական կայքերից մեկում հրապարակվել է հոկտեմբերի 3-ին։ Դրանում պատկերված են մի խումբ զինյալներ, որոնք երգում են, պարում և կոչ են անում Սիրիայում գտնվող իրենց զինակիցներին գալ Ադրբեջան և միանալ Հայաստանի դեմ պատերազմին։
France 24-ի լրագրողները, սակայն, նկատել են, որ տեսանյութի վերին աջ անկյունում մի տարբարանշան՝ լոգո է զետեղված, որի վրա գրառում կա՝ «Ադրբեջանում Սիրիայի ազգային բանակ»։ Հետաքննող լրագրողներին հաջողվել է նաև պարզել, որ տեսագրությունում պատկերված են Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումներից մեկի՝ «Սուլթան Մուրադ»-ի ազգությամբ թուրքմեն զինյալները։
France 24 -ի հետաքննության տեսադաշտում են հայտնվել նաև մի շարք լայն տարածում գտած տեսանյութեր, մասնավորաբար՝ Ջաբրայիլից ոչ հեռու գտնվող Մարջան գյուղի մոտ արված հայտնի տեսանյութը կամ վիրավոր սիրիացի զինյալի՝ հայկական ուժերի հրետակոծության պահին արված տեսագրությունը։
Ֆրանսիացի լրագրողներն իրենց հետաքննության ընթացքում չեն սահմանափակվել միայն ռազմի դաշտում կամ մերձճակատային գոտում արված տեսագրությունների ուսումնասիրությամբ՝ փորձելով նաև պարզել՝ արդյոք բաց աղբյուրներում վկայություններ կան Ադրբեջանում կռվելու նպատակով սիրիացիների հավաքագրման մասին։ Որոշ փնտրտուքից հետո լրագրողները հայտնաբերել են Հալեպի նահանգի Շայխ ալ-Հադիդ քաղաքում արված մի տեսագրություն։ Դրանում ավանդական արաբական թիկնոցով մի տղամարդ՝ ենթադրաբար կրոնական գործիչ, կոչ է անում փողոցում հավաքված մի քանի տասնյակ այլ տղամարդկանց մեկնել Ադրբեջան։ «Մեր պայքարը Ադրբեջանում նույնն է, ինչ այն պայքարը, որ մենք վարում են այստեղ՝ Լևանտում։ Ադրբեջան և Լիբիա մեկնելը ձեր պարտքն է», - պնդում է տղամարդը։
France 24-ը մեջբերում է նաև անվտանգության և ռազմական խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող ֆրանսիական Intelligence online հանդեսի հեղինակ Ֆանի Ալարկոնի խոսքերը, որը նշում է. - «Զինյալների հավաքագրումը կատարվում է թուրքական հետախուզության միջոցով, որը և ձևավորել է «Սիրիական ազգային բանակը»։ Այդ ամենը արվում է պետական գերատեսչության, այլ ոչ թե անվտանգության ոլորտի մասնավոր ընկերությունների միջոցով, ինչպես, օրինակ, անում են ռուսները՝ «Վագներ»-ի պարագայում»: