Առողջապահության նախարարության Կովիդ ծառայությունները համակարգող Գևորգ Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում մտահոգիչ է որակում վերջին շաբաթներին ստեղծված իրավիճակը, երբ կորոնավիրուսով հիվանդների օրական միջին թիվը աճում է մոտ 2 հազարով։ Իսկ այսօրվա համեմատաբար փոքր թվի պատճառը հանգստյան օրերին լաբորատորիաների մեծ մասի փակ լինելն է։
«Արդեն մի քանի օր է, առավոտյան դրությամբ, ազատ մահճակալների թիվը և հոսպիտալացման հերթում գտնվողների թիվը չեն համապատասխանում իրար բացասական իմաստով, այսինքն՝ հոսպիտալացման հերթում ավելի շատ մարդ է գտնվում, քան մենք էդ պահի դրությամբ ունակ ենք տեղավորել», - նշեց Սիմոնյանը։
Օրերս Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ այսուհետ առաջնահերթ կհոսպիտալացվեն կորոնավիրուսով վարակված այն հիվանդները, որոնք ունեն թթվածնի և անհետաձգելի բուժօգնության կարիք։ Պատճառը ազատ մահճակալների խիստ պակասն է։
Սիմոնյանն օրինակ է բերում՝ այսօր հիվանդանոցում տեղավորվելու հերթում սպասում էին 482 վարակակիր, սակայն ազատ մահճակալների թիվը 249 է, մոտ երկու անգամ պակաս հիվանդների թվից։
Բժիշկը պարզաբանում է, թե ինչպես են լուծում այս հարցը․ - «Օրվա ընթացքում, բնականաբար, դուրսգրումներ ենք ունենում։ Ինքը շատ հոսուն գործընթաց է։ Ընթացքում անընդհատ մարդիկ են առողջացումով դուրս գրվում, գնում տուն, մահճակալը ազատվում է, հերթում սպասողները հոսպիտալացվում են»։
Զուգահեռաբար մարզերում նոր բժշկական կենտրոններ են հարմարեցվում կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, ասում է Սիմոնյանը․ - «Շատ լայն թափով մարզերում ծավալում ենք նոր կովիդ կենտրոններ։ Մասնավորապես, հիմա պլանավորվում է Մեծամորում, Ապարանի բժշկական կենտրոնում, Հրազդանում, Սևանում, Իջևանում։ Նախկինում բացել էինք Վեդիում, Վանաձորում և այլն»։
Բժշկի խոսքով, այս պահին դեռևս չկա գեթ մեկ հիվանդ, որ հոսպիտալացման կարիք ունենալով չտեղափոխվի հիվանդանոց, եթե ոչ նույն օրը, ապա հաջորդ օրն այդ խնդիրը լուծվում է․ - «Մեծ թվերը բերում են բնականաբար ավելի շատ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվ, ինչը արդեն անհնարին է դարձնելու նրանց հոսպիտալացումը, որովհետև ֆիզիկապես էլ տեղ չի լինելու»։
Գևորգ Սիմոնյանի ղեկավարած Այրվածքաբանության կենտրոնն անցած ամիսներին վերակազմավորվել է կորոնավիրուսային հիվանդանոցի։ Բժիշկն իր օրինակն է բերում՝ չի վարակվել, որովհետև խստորեն պահպանել է անվտանգության կանոնները․ - «Ինչքան էլ վարչական լծակներով, տուգանքներով փորձենք էդ ամեն ինչը կարգավորենք, մեկ է՝ անկյունաքարայինը հասարակության բարձր ինքնագիտակցությունն է։ Որ խանութներում իրար մոտ չկանգնեն հերթերի մեջ։ Ես ամեն օր էդ խնդրին բախվում եմ։ Անձնական պաշտպանության միջոցներ կրեն, ախտահանվեն, ձեռքերը լվանան»։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ «Ազատության» եթերում հայտարարեց 800-ից ավելի ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների մասին։
Ըստ նախարարի, կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում է 2315 մահճակալ, ևս 281 մահճակալ էլ կա վերակենդանացման բաժանմունքներում։ Առողջապահութան նախարար Թորոսյանը ընդգծել է, որ համավարակի թվերի աճը կանխատեսելի էր՝ պայմանավորված դպրոցների բացմամբ, բայց պատերազմն իր գործը ևս արեց։
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը Հայաստանում հասել է 1196-ի, ևս 339 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Հայաստանում СOVID-19-ից տվյալ պահին բուժվում է 26 հազար 113 մարդ: