Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր, հաղորդում է Արցախի պաշտպանության բանակը (ՊԲ):
Երեկոյան ադրբեջանական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը:
Ինչպես փոխանցում է Արցախի պաշտպանության նախարարությունը, ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: «ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները», - ասված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն երկու անգամ համաձայնեցված մարդասիրական հրադադարը չի պահպանվում, ինչի համար կողմերը մեղադրում են միմյանց: Հայկական կողմը, այդուհանդերձ, քանիցս վերահաստատել է հրադադարը պահպանելու իր հանձնառությունը՝ շեշտելով, որ պատրաստ է հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումների կիրառմանը և վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրմանը, որոնցից ադրբեջանական կողմը խուսափում է: