Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են, հայտնում է հայկական կողմը` խոստանալով պատասխան հարված

Մարտունին և Ստեփանակերտը ռմբակոծվում են, հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ, նշելով, որ Ստեփանակերտը քիչ առաջ հերթական անգամ հրթիռակոծվել է, հավելել է. «Պաշտպանության բանակը շատ շուտով պատասխան հարվածը կհասցնի: Մենք արդեն վաղուց զգուշացրել ենք. ներում չի լինելու»:

Արցախի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտնել էր, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Ասկերան քաղաքը, կեսգիշերին էլ կրկին թիրախավորել Մարտունին: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ադրբեջանական կողմի այս հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան, սակայն հայկական կողմը մեծ նյութական վնասներ է կրել։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ էլ` ժամը 14-ից հետո ադրբեջանական զինված ուժերը գրադ կայանքից հրթիռակոծել են Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը, ռմբակոծվել է նաև Մարտակերտը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել էր Արցախում գտնվող քաղաքները թիրախավորելու հայտարարությունը՝ նշելով, որ հայկական կողմն է հարվածել ադրբեջանական երեք շրջանների։