Մի խումբ քաղաքացիներ շարունակում են Հայաստանում օտարերկրյա դեսպանատների առջև բողոքի ակցիաներ կազմակերպել՝ պահանջելով նրանցից դատապարտել Արցախի դեմ պատերազմ սկսած Ադրբեջանին և Թուրքիային։
Այսօր ցուցարարներից երկուսին ընդունեց Իտալիայի դեսպանը. դեսպանատան դիմաց քաղաքացիները արդեն երկրորդ օրն են հավաքվում։ «Թուրքիայի հետ ունեցած ձեր տնտեսական շահերն արդյոք վե՞ր են մարդկային կյանքերից, որ լռում եք», - հարցրել են ակցիայի մասնակիցները դեսպանից և հետաքրքրվել՝ Իտալիան պատրա՞ս է ընդունել Արցախի անկախությունը։ Պատասխանները նրանց մասամբ են բավարարել, ասացին՝ դիվանագիտական էր ու խուսափողական:
«Ասաց՝ քայլեր ձեռնարկվում են, բայց մանրամասն չներկայացրեց՝ ինչ քայլեր են ձեռնարկվում, ավելի շատ կոչեր ես լսեցի դեսպանի կողմից», - ասաց նրանցից մեկը:
Ակցիայի մասնակիցները երթով հասան նաև Ուկրաինայի դեսպանատուն։ Ցանկանում էին դեսպանից լսել պատասխան, թե ինչո՞ւ է Ուկրաինան աջակցում Արցախ դեմ պատերազմ հայտարարած ու խաղաղ բնակչությանը թիրախավորող Ադրբեջանի դաշնակից Թուրքիային։
«Դուք Ղրիմի օրինակով գիտեք, թե ինչ է պատերազմը, ինչո՞ւ եք այսօր սատարում զինվորին գլխատող, խաղաղ բնակչությանը տանջամահ անելով սպանող երկրի հովանավորին», - ցույցի մասնակիցների այս հարցին պատասխանեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն ու ասաց՝ «այդօրինակ վայրագությունները» դատապարտելի են: Շեշտեց՝ իր հայրենիքում էլ է պատերազմ, իր սիրտը նույնպես ցավում է։ Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններ ունեցող Ուկրաինայի փոխդեսպանը մի քանի անգամ անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին։
Ակցիայի մասնակիցներից՝ Գարիկ Նավասարդյանն ընդհատեց. «Մենք այստեղ մեր մասին ենք խոսում, ոչ թե Ռուսաստանի: Մենք ձեզ ի՞նչ վատ բան ենք արել բացի նրանից, որ կառուցել ենք, սիրել ենք, համագործակցել ենք: Այն, որ մենք այսօր լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, դուք դրա համա՞ր եք մեզ պատժում, Թուրքիային աջակցելով, դա ձեզ մոտ չի ստացվի»:
Դեսպանատան ներկայացուցիչն ասաց՝ իրենք ռազմական աջակցություն չեն ցուցաբերում Թուրքիային, նաև անկեղծորեն հայտարարեց՝ Ուկրաինան այս պահին պատրաստ չէ ճանաչել Արցախի անկախությունը։
«Իրենց նախագահի կողմից պարգևատրվում է ագրեսոր Թուրքիան, և պարգևատրվում է այն մեդալով, որի դեմ ժամանակին կռվել է Ուկրաինան թուրքական ցեղերի դեմ», - հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Յուրաքանչյուր երկրի արտաքին քաղաքականությունը բաղկացած է երկու մասից՝ ազգային հետաքրքրություններ և երկկողմանի փոխհարաբերություններ: Հայաստանը Ռուսաստանի հետ իր արտաքին հարաբերությունները կառուցում է այնպես, ինչպես համարում է հարկավոր: Ես ասել եմ՝ Ռուսաստանն Ուկրաինայի համար ագրեսոր է և օկուպանտ, ես այստեղ չեմ գնահատում իմ երկրի արտաքին քաղաքականությունը, ես այն իրագործում եմ: Ես չեմ կարծում, որ Ուկրաինան հիմա պատրաստ է ընդունել Արցախի անկախությունը, դուք դա էիք ուզո՞ւմ լսել, լսեցիք», - ասաց Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը:
Բողոքի ակցիայի մասնակիցները գնացին նաև Երևանում Վրաստանի դեսպանատուն։
Շուրջ մեկ ժամ դատապարտող կոչեր հնչեցրին, պահանջեցին, որ եղբայրական Վրաստանը կանգնի Հայաստանի կողքին:
«Մեզ համար անընդունելի և խորթ է եղբայրական Վրաստանի այսօրվա քաղաքականությունը, և ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանական զենք-զինամթերքը Ադրբեջան հասավ Վրաստանի ցամաքային և օդային ճանապարհով, այս հարցերի պատասխանն ակնկալում ենք այս պահին ստանալ Հայաստանում Վրաստանի դեսպանից», - ասաց հավաքվածներից մեկը:
Հայաստանում Վրաստանի դեսպանատան շենքից այդպես էլ ոչ ոք դուրս չեկավ:
Հայաստանի ու Արցախի դրոշները ծածանելով՝ այսօր նաև Նիդերլանդների և Բելգիայի հայերն են Բրյուսելում խաղաղ ավտոերթ կազմակերպել՝ ուղևորվելով դեպի Եվրախորհրդարանի շենք և ՆԱՏՕ-ի գրասենյակ։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն, ի դեպ, երեկվանից Բրյուսելում է։ Տեղի հայերը տարածած հայտարարությունում նշել են, որ կազմակերպված ակցիայով իրենց համախմբվածությունն ու աջակցությունն են ցույց տալիս նախագահ Արմեն Սարգսյանին։
Ակցիային մասնակցել են նաև բեռնատար մեքենաներ, որոնց վրա ամրացված են եղել մեծ էկրաններ։ Փողոցների տարբեր հատվածներից մարդիկ հնարավորություն ունեին դիտել զարհուրելի կադրեր Արցախից։