Մատչելիության հղումներ

Ցուցարարները ՄԱԿ-ից պահանջում են հստակ քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ


Մի խումբ քաղաքացիներ այսօր Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա էին կազմակերպել՝ միջազգային կառույցից պահանջելով հստակ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ և կոնկրետ գնահատականներ տալ տեղի ունեցողին։

«Ե՞րբ են խոսելու, ե՞րբ․․․ մինչև վերջին հայը սպասելո՞ւ են։ Սա նույն ցեղասպանության շարունակությունն է», - ասում էր ակցիայի մասնակիցներից մեկը։

Ցույցին մասնակցող Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն ասաց, որ ինքը տարիներ շարունակ աշխատել է միջազգային կառույցի հետ երեխաների կրթության հարցերի շուրջ, իսկ հիմա ցավ է զգում՝ հայ երեխաներն Արցախում զրկվել են կրթության իրավունքից․ - «Հայ երեխաների դպրոցները ռմբահարված են, Արցախի երեխաները ցրված են, Հայաստանի երեխաների համար նույնպես այսօր կրթության գործընթացը դժվար է գնում»։

Բախշյանի գնահատմամբ, կառույցը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի հանդեպ անտարբեր է, ինչը, նրա խոսքով, այս կազմակերպությանը չի սազում․ - «Դա հակասում է այդ կազմակերպության բոլոր տեսակի գրած-չգրած օրենքներին, իսկ դրանք շատ են բազմաթիվ են, ճոխ են, գեղեցիկ են․․․ թղթի վրա։ Բայց իրականում ի՞նչ ունենք մենք։ Իրականում ունենք այսօրը, երբ դուք ոչ մի ռմբահարված դպրոց չեք գնացել, դուք այդ լուրերը չեք տալիս»։

Նախօրեն Հայաստանի Գեղարքունիքի մարզում ադրբեջանական կողմի հրթիռակոծությունից բերքահավաքի դուրս եկած 14-ամյա պատանի էր վիրավորվել։ Եերեխաների խնդիրներով զբաղվող ՄԱԿ-ի կառույց ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտարարեց, որ հոգով այս պատանու և հակամարտությունից տուժած մյուս երեխաների հետ է՝ ընդգծելով, որ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։

Այսօր ՄԱԿ-ի դիմաց ցույց անող քաղաքացիներին այս հայտարարությունը չի գոհացնում։ Նրանք հիշեցնում էին, որ կազմակերպության աշխատակիցները Լեռնային Ղարաբաղ չեն գնացել, մինչդեռ ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն օրեր առաջ այցելել էր Գյանջա քաղաք, որտեղ, պաշտոնական Բաքվի հաղորդմամբ, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ են եղել։

Ցուցարարների հետ հանդիպած ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակիցներից մեկը հավաստիացրեց, որ իրենց զեկույցներում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ներկայացնում են, և հավաքվածներին խոստացավ փոխանցել նրանց մտահոգությունները։

Միավորված ազգերի կազմակերպությունը խաղաղություն հաստատելու մանդատ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, այդ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է, որոնց հակամարտութան բոլոր կողմերը վստահել են, ՄԱԿ-ն ամբողջությամբ աջակցում է Մինսկի խմբի կարևոր դերը, «Ազատությանը» հայտնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը։

«Ճնշում գործադրելու և հրադադար հաստատելու համար կուլիսների հետևում բազմաթիվ ուղղություններով շատ բաներ են արվում միջազգային հանրության՝ այդ թվում ՄԱԿ-ի կողմից, որոնք տեսանելի չեն, դրանք, սակայն, բավարար չեն, սա դժբախտաբար այդպես է», - ասաց նա։

Նա հայտնեց, որ իրենք պատրաստ են օգնել այն մարդկանց, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները։

Այսօր արդեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարեց, որ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության ներսում և վերջինիս առնչվող խնդիրների շուրջ աշխատելու առաքելությամբ լիովին պատրաստ է մարդասիրական և այլ տեսակի օգնություն տրամարդել դրա կարիքն ունեցող ցանկացած անձի` համապատասխան դիմումի դեպքում:

Ավելի վաղ ՄԱԿ Գլխավոր քարտուղարն էր դատապարտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության սրացումը և մտահոգություն հայտնել ռազմական գործողությունների ընդլայնման, այդ թվում բնակելի տարածքների թիրախավորման մասին զեկույցների կապակցությամբ՝ կողմերին հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում քաղաքացիներին և քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իրենց պարտավորությունների մասին:

XS
SM
MD
LG