Միացյալ Նահանգների Կոնգրեսում առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել Արցախի անկախությունը ճանաչելու մասին բանաձև։ Նախօրեին նման նախաձեռնությամբ է հանդես եկել հայաշատ Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն:
«Արցախը շատ ամերիկյան պատմություն է՝ ազատ ժողովրդի հաղթանակը օտար կառավարման դեմ: Այդ հպարտ Հանրապետության քաղաքացիները մարմնավորում են մեր իսկ Անկախության հռչակագրի բառերը»,- գրում է կոնգրեսականը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հասցեագրած փաստաթղթում:
«Առաջ գնալու ճանապարհը ազատության ճանապարհն է, այդ է պատճառը, որ ես Միացյալ Նահանգների կողմից Արցախի անկախության պաշտոնական ճանաչման կոչ եմ անում։ Ազատությունը Արցախի գոյատևման համար մնացած միակ պատասխանն է՝ պատմականորեն հիմնավորված, օրենքի վրա հիմնված անջատումը որպես ապաքինում», - պնդել է Ներկայացուցիչների պալատի անդամը՝ եզրափակելով. - «Հետդարձի ճանապարհ չկա: Արցախը չպետք է վերադառնա Ադրբեջանին»:
Կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնում առաջին անգամ ընտրվել է 1998 թվականին և վերընտրվել տասն անգամ: Անցած տարիներին ամերիկահայ կազմակերպությունների կողմից անցկացված հարցումների համաձայն՝ նրա օրենսդրական գործունեությունը, մասնավորապես՝ ամերիկահայերի հարցերի շուրջ դիրքորոշումները, ծագումով հայ ընտրողները գերազանց են գնահատել:
Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցով Գրեյս Նապոլիտանոյի նախաձեռնությունը հաջորդում է ԱՄՆ Կոնգրեսի մեկ այլ՝ առավել ազդեցիկ ներկայացուցչի՝ Ադամ Շիֆի հայտարարությանը՝ «եթե Ադրբեջանն ու Թուրքիան հետաքրքրված չեն Արցախի հարցի շուրջ բանակցություններով, ժամանակն է, որ ԱՄՆ-ը ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն»:
Անցած շաբաթ Լոս Անջելեսում հայ համայնքի բազմահազարանոց ցույցին ելույթ ունենալով՝ կոնգրեսական Շիֆը նաև ասել էր. - «Միացյալ Նահանգները չափազանց շատ է կեղծ հավասարություն դրել Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի միջև, որոնցից առաջինն իրականացնում է հարձակում հարձակման հետևից, իսկ երկրորդը՝ պաշտպանում իր կյանքն ու տունը։ Ամերիկան պետք է պաշտպանի Ստեփանակերտի ծաղկող ժողովրդավարությունը, այլ ոչ թե բռնապետական ռեժիմը»:
Անցած օրերին մի խումբ կոնգրեսականներ՝ Շիֆի գլխավորությամբ, նամակով դիմել էին ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյին՝ հորդորելով վճռական քայլեր ձեռնարկել և դատապարտել Ադրբեջանի սադրիչ ագրեսիան ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման մեջ Թուրքիայի կործանարար դերակատարումը:
Լեռնային Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսումից ի վեր Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով, այդ թվում՝ Սպիտակ տան ղեկավարի, Մինսկի խմբի համանախագահների շրջանակում և առանձին, հանդես է եկել կրակի անհապաղ դադարեցման և երկխոսությունը վերականգնելու կոչերով, իսկ այս շաբաթավերջին էլ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին Վաշինգտոնում կհյուրընկալի ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:
Այդ հանդիպման նախաշեմին սենատոր Էդուարդ Մարքին դիմել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարին՝ հորդորելով հասնել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և խաղաղ կարգավորման բանակցությունների միջոցով:
«Թուրքիայի լիակատար աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի դեմ պետք է անհապաղ դադարեցվեն։ Պետքարտուղար Փոմփեոն պետք է հստակեցնի, որ Միացյալ Նահանգներն աջակցում է այս հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է նպաստել բանակցություններին», - հայտարարել է Մասաչուսեթսից ընտրված սենատորը՝ համոզմունք հայտնելով, որ խնդիրը Ադրբեջանի կողմից ռազմական ուժով լուծելու փորձերը «միջազգային հանրությանն այլընտրանք չեն թողնում, քան անցնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը՝ կառուցողական բանակցությունների բացակայության պայմաններում»:
Սենատոր Մարքիի պնդմամբ՝ պետքարտուղար Փոմփեոն և նախագահ Թրամփը «սերտ կապեր են հաստատել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ» և «պետք է իրենց ավտորիտար ընկերոջը հասկացնեն, որ այս հակամարտությունում նրա հետագա մասնակցության գինը կլինի ԱՄՆ վարչակազմի հետ ջերմ հարաբերությունների և ռազմական օգնության դադարեցումը»: