Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, թե Մինսկի խմբի «ուղեղը մահացել է»

Ադրբեջանի խորհրդարանի նիստ, արխիվ

Անկարան շարունակում է նսեմացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերակատարությունը։

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, Բաքվում ելույթ ունենալով Ադրբեջանի Միլի մեջլիսում, ասել է, թե Մինսկի խմբում համանախագահող երկրները մինչև հիմա որևէ իրական քայլ չեն կատարել հայ-ադրբեջանական հակամարտության արդարացի կարգավորման համար:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը արդեն 30 տարի չի կարողանում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից դուրս գալու ելքը։ Այսօր կարելի է արձանագրել Մինսկի խմբի ուղեղի մահը»․- ըստ «Անադոլու» գործակալության՝ ասել է նա։

Մուստաֆա Շենթոփը կրկնել է թուրք-ադրբեջանական դիրքորոշումը, թե հայկական ուժերը պետք է անհապաղ ու առանց նախապայմանների դուրս գան «ադրբեջանական տարածքներից», ասելով, թե «ոչ ոք իրավունք չունի ադրբեջանական հողերը մանրադրամի վերածել»։