Արցախի ՄԻՊ-ը ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունը դիտարկում է «զուտ հայտարարություն»

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հայտարարությունը, թե Ղարաբաղում մարդու իրավունքների հարցը կրկին առաջին պլան է մղվում, դիտարկում է միայն որպես հայտարարություն:

ԵԽ գլխավոր քարտուղարը մասնավորապես նշել է. «Անկախ քաղաքականությունից՝ այնտեղ ապրող մարդիկ պետք է օգտվեն միևնույն իրավունքներից, ժողովրդավարությունից ու օրենքի գերակայությունից, ինչպես Եվրոպայի ցանկացած բնակիչ։ Ազգային իշխանությունները պարտավոր են դա ապահովել, և Եվրախորհուրդը պետք է կարողանա առանց խոչընդոտների մտնել այդ տարածքներ, որպեսզի գնահատենք տեղում տիրող իրավիճակը և հնարավորինս աջակցենք»։

«Զուտ հայտարարություն եմ դիտարկում ինչի համար, որովհետև ուղիղ մեկ տարի առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերին, Բուրիչն ընտրվեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում, հոկտեմբերի կեսերին՝ մոտավորապես այս օրերին, Բուրիչը մեկ հայտարարություն արեց, որ չճանաչված պետություններ պետք է Եվրոպայի խորհուրդը մուտք ունենա ազատ, առանց որևէ խոչընդոտի և որևէ կերպ չպետք է հաշվի առնի անդամ երկրների կարծիքներն ու խոչընդոտները: Այսինքն մեկ տարի առաջ դա հայտարարվել է, առ այսօր որևէ քայլ չեն կատարել: Հիմա երեք շաբաթ է՝ պատերազմ է, մարդկային մեծաքանակ զոհեր, վիրավորներ արձանագրվում են, Եվրոպայի խորհուրդը դեռևս ասում է՝ պետք է», - նշեց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ Ղարաբաղը գտնվում է Եվրոպայի խորհրդի տարածքում, Հայաստանը և Ադրբեջանը ԵԽ անդամներ են «արդյոք Ալիևը կամ ադրբեջանական իշխանությունների կարծիքն այդքան կարևոր է Եվրոպայի խորհրդի համար»:

«Բոլորի համար ակնհայտ է, որ պատերազմն Ադրբեջանն է սկսել, և տիկին Բուրիչը մինչև հիմա ասում է՝ պետք է անարգել մուտք ունենան: Տեղներիցդ շարժվեք, դա մարդկային կայնքեր է արժենում, որ չեք շարժվում ձեր տեղից և հստակ սանկցիաներ կիրառեք հանցագործների հանդեպ, այլապես Եվրոպայի խորհուրդը իր գործառույթները չի կատարում», - հայտարարեց Բեգլարյանը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.