Հայկական կողմը ՄԻԵԴ է ուղարկել գլխատված հայ զինծառայողի մասին տեղեկատվությունը

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան

Հայկական կողմն արդեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան է ուղարկել գլխատված զինծառայողի մասին տեղեկատվությունը։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ ամենօրյա ռեժիմով Ստրասբուրգ են ուղարկում տարատեսակ փաստաթղթեր՝ Ադրբեջանի թույլ տված ռազմական հանցագործությունների վերաբերյալ։

«Այդ երկիրը խախտել է Ժնևյան կոնվենցիաները», - շեշտում է Կիրակոսյանը։ - «Ակնհայտորեն դրանք խախտումներ են միջազգային իրավունքի, պատերազմական հանցագործություններ են։ Դրանք ակնհայտ խախտումներ են և՛ Ժնևյան 3-րդ կոնվենցիայի, և՛ սովորութային մարդասիրական իրավունքի ուղղակի խախտումներ են, ինչպես նաև հանգեցնում են Եվրոպական կոնվենցիայի խախտումների՝ 3-րդ հոդվածի տրամաբանությամբ»։

Գիշերը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց, որ ադրբեջանցիները հայ զինվորի են գլխատել ու լուսանկարն ուղարկել նրա եղբորը։ Օմբուդսմենը հայտնում է, որ հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Ընդ որում, զանգահարել են գլխատված զինվորի հեռախոսահամարով։

«Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են», - հայտարարում է Թաթոյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս կան և դրանք ներկայացվում են միջազգային ատյաններին։ - «Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ»։

Մի քանի օր առաջ հայկական կողմը հայտարարել էր, որ ադրբեջանցի զինվորականները հրապարակայնորեն գնդակահարել են Հադրութի երկու բնակչի։ Երեկ էլ Միջազգային Կարմիր Խաչը հայտարարեց, որ Բաքվում իր ներկայացուցիչներն այցելել են երեք հայ ռազմագերու և մեկ խաղաղ բնակչի։ Կողմերը գերիների թվի մասին ստույգ տեղեկություններ չեն հրապարակում։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն ընդգծում է՝ դիակապտությունը պատերազմական հանցագործություն է․ - «Առկա է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումը, մարդասիրական տարրական կանոնների խախտում։ Այն նաև համարվում է պատերազմական հանցագործություն։ Եթե համապատասխան գանգատ ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կամ որպես այլընտրանք՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով, ըստ գրեթե էության միանշանակ է, որ պատասխանատվությունն արձանագրվելու է Ադրբեջանի։ Ուրիշ հարց, որ դա լինելու է ուշ ու, բնականաբար, եթե նայում ենք խախտման ճանաչում և որոշակի փոխհատուցում գումարային, դա համարժեք չէ այն ցավին և այն տառապանքներին, որոնք պատճառվում են զոհվածի ընտանիքին»։

Սակայն, ըստ փորձագետի, Ադրբեջանին քրեական պատասխանատվության կանչելը առաջին հայացքից գրեթե անհնար է, դա կարող է իրականացվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից իրավիճակը միջազգային քրեական դատարանում ներկայացնելու միջոցով, բայց նման նախադեպեր գրեթե չկան։ Հայաստանը ստորագրել է, բայց չի վավերացրել Հռոմում ստեղծված միջազգային քրեական դատարանի համաձայնագիրը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան առհասարակ չեն միացել այդ փաստաթղթին․ - «Եթե նման նախադեպեր չկան, շատ-շատ քիչ են, և Արցախի համակարտության առնչությամբ առկա աշխարհաքաղաքական վիճակը, հուշում է, որ դա չի տեղի ունենալու։ Դրա համար պետք է հասկանանք, որ Ադրբեջանը, ինչպես նաև Հայաստանը չեն միացել Հռոմի կանոնադրությանը։ Այսինքն՝ որպես քրեական պատասխանատվություն նախատեսող միջազգային պայմանագիր, այն չի գործում»։

Խզմալյանի կարծիքով, թեև Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, չի ստորագրում նաև պատերազմի կանոնները սահմանող Ժնևյան կոնվենցիաների առաջին արձանագրությունը, միևնույն է, դա այդ երկրին չի ազատում արդարադատության առջև կանգնելուց, քանի որ այս դեպքում գործում են նաև համընդհանուր միջազգային կանոնները։ Այդ երկրի հարցը կարող է բարձրացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում՝ դիակապտության, խաղաղ բնակիչներին թիրախավորելու, նրանց նկատմամբ չթույլատրված զինատեսակներ կիրառելու համար․ - «Տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից կանոնավոր կերպով բարձրացվում է հայատյաց քաղաքականության ուժգնությունը և ծանրությունը։ Եվ այսպիսի արարքները պետք է դիտարկել այդ քաղաքականության որպես մաս, մի քաղաքականությանը, որը ըստ էության բացառում է համագոյատևումը հայ և ադրբեջանցի ազգերի Ադրբեջան պետության կազմում»։

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիե Կիրակոսյանը միևնույն ժամանակ Եվրադատարանին խնդրել է ընդլայնել սեպտեմբերի 27-ից վերսկսկված ռազմական գործողություններից հետո ընդդեմ Ադրբեջանի ներկայացված դիմումի վերաբերյալ որոշումը, որպեսզի այն վերաբերի նաև սահմանի մյուս կողմում հայտնված զինվորներին, զինվորների մարմինների և խաղաղ բնակիչներին։ Եվրադատարանի 7 դատավորներից բաղկացած պալատը և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին կոչ էր արել զերծ մնալ խաղաղ բնակիչների իրավունքները խախտելուց։