Ուրուգվայի հայերը նորից դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ իրագործվող պատերազմի դեմ:
Մոնտեվիդեոյի ծովեզերքին տեղի ունեցավ ավտոերթ՝ Հայաստանի և Արցախի դրոշներով, հարյուրավոր ավտոմեքենաների մասնակցությամբ:
Ավտոերթի կարգախոսն էր՝ խաղաղություն Արցախի համար և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի ու անկախության ճանաչում:
Վերջին օրերին Ուրուգվայի թե՛ գործադիր և թե՛ օրենսդիր իշխանությունները հատուկ հայտարարություններով անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին: Հայկական կողմը դրական է գնահատել Ուրուգվայի կեցվածքը, մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը ուժեղացրել են իրենց ճնշումները և բողոքները հրապարակված դիրքորոշումների կապակցությամբ:
Ուրուգվայի լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են ղարաբաղյան պատերազմը և հակամարտության ծագումը:
Ուրուգվայահայերը հայտարարել են, որ ջանք չեն խնայելու, որպեսզի Ուրուգվայի պետությունը իր նպաստը բերի Արցախում նոր հայկական ցեղասպանության կանխարգելմանը: