Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Գիշերվա հրետակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել:
Ընդհանուր վնասների չափը ճշտվում է:
Նշենք՝ Ադրբեջանը, իր հերթին, հաղորդում է, որ գիշերը «Հայաստանը երկու հրթիռային հարված է հասցրել Գյանջային», կան զանգվածային ավերածություններ, առնվազն 12 զոհ, չորս տասնյակ վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում:
Այդ կապակցությամբ Հայաստանի ՊՆ խոսնակը Ֆեյսբուքում գրել է. - «Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ»: