Ադրբեջանական անօդաչուներ Հայաստանի տարածքում, ըստ ՊՆ-ի՝ երկուսը խոցվել են

Իսրայելական արտադրության Hermes-500 անօդաչու թռչող սարք, արխիվ

«ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան», - հայտարարում է Արտգործնախարարությունը:

Հայաստանի Հանրապետության օդային տարածքում ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու անօդաչու թռչող սարք, գիշերը Ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Քիչ անց մեկ այլ գրառմամբ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է. - «ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան»:

Հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը:

«Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ:

Միաժամանակ, ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան», - հայտարարում է Արտգործնախարարությունը:

«Հատկանշանական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաև տարածեց սադրիչ և բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելաոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ», - ընդգծում է Արտգործնախարարությունը:

«Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը և դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են: ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան», - ասված է հայտարարությունում:

Ադրբեջանը, իր հերթին, հաղորդում է, որ գիշերը «Հայաստանը երկու հրթիռային հարված է հասցրել Գյանջային», կան զանգվածային ավերածություններ, առնվազն 12 զոհ, չորս տասնյակ վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում:

Այդ կապակցությամբ Հայաստանի ՊՆ խոսնակը Ֆեյսբուքում գրել է. - «Ի պատասխան ադրբեջանական ռազմաքաղաքական
ղեկավարության հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ»: