Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլ») Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում ասում է` հայկական կողմի առջև կա երկու ընտրություն՝ «լավրովյան պլան» կամ պատերազմով պարտադրել խաղաղություն:
Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
Ալեն Սիմոնյան - Մեր բարեկամները, մեր երեխաները, բարձրաստիճան պաշտոնյաների եղբայրները, երեխաները նույնպես գտնվում են առաջնագծում: Մեր վարչության անդամները երկուական անդամով հերթափոխով գտնվում են Արցախում, և բոլորս ուզում ենք, որ սա դադարի, բայց մենք ունենք երկու ընտրություն` «Լավրովի պլանն է», որը Ալիևը հնչեցնում էր, որ հետ է վերադարձվում, «ազատագրվում է» 5 շրջանը, հետո երկուսը, իսկ Արցախի կարգավիճակը մնում է հետագա քննարկումների վրա: Սա ինձ համար անընդունելի է, որովհետև դրան հաջորդելու է Մեղրին, դրան հաջորդելու է Երևանը, և այլևս հայ ազգ որպես այդպիսին գոյություն չի ունենալու:
«Ազատություն» - Դա երկարաժամկետ խաղաղության փաստաթուղթ չէ:
Ալեն Սիմոնյան - Սա մեզ համար անընդունելի տարբերակ է եղել ի սկզբանե, ու ցավոք սրտի, այս պլանը մինչև օրս բերվել, հասցվել է և դրվել է սեղանին այն մակարդակի, որ այսօր դա քննարկման առարկա է դարձել: Երկրորդ տարբերակն այս պատերազմում բեկում մտցնելն է, որի հնարավորությունը մենք ունենք, միակ ձևը պարտադրել խաղաղությունն է, և դա մենք կարող ենք անել: Եվ մեր համաքաղաքացիներն այս երկու տարբերակի մեջ պետք է ընտրություն կայացնեն: Մեր թիմի համար ընտրությունն ակնհայտ է:
«Ազատություն» - Որքան էլ որ գուցե տեղին չլինի, ներքաղաքական հարցը դուք որոշեք, բայց քանի որ եղել է արձագանք, ես ասեմ, նախկին իշխանության` Հանրապետականի կողմից, հնչեցնեմ, որ երբ վարչապետն ասում է` ինքը ժառանգել է «լավրովյան տարբերակը», կամ ինչպես ձևակերպեց, տարածքներ խաղաղության դիմաց լուծումը, Շարմազանովն ասում է` Փաշինյանի 2 տարվա գործունեությունն է հանգեցրել այս ամենին` պատերազմին:
Ալեն Սիմոնյան - Փաշինյանի 2 տարվա գործունեությունը հանգեցրել է նրան, որ մենք 20 օր է` կարողանում ենք դիմակայել ավելի մեծ ուժերի, քան երբևէ եղել են տարածաշրջանում, հանգեցրել է նրան, որ մենք բացի 80-ականների զենքերից, այսօր ունենք զենքեր, որոնք մեզ թույլ են տալիս դիմակայել, երկուսուկես ընդամենը տարվա ընթացքում: Եվ ես ցավով պետք է արձանագրեմ, որ վախենում եմ այն մտքից, որ Աստված մի արասցե, հեղափոխություն չլիներ, հիմա մեր թշնամին լավագույն դեպքում Ստեփանակերտում էր:
«Ազատություն» - Պարոն Սիմոնյան, երբ ասում եք, որ հիմա որոշվում է ամեն ինչ ճակատում, որքանո՞վ է Հայաստանի ներուժը դրան բավարարում այսօր:
Ալեն Սիմոնյան - Մենք այլընտրանք չունենք, չկա որևիցե բան, որ Հայաստանը, Արցախը կարող է անել և ինչ-որ բանի պատճառով չի անում, և չկա այլընտրանք: Ասել եմ` այլընտրանքը որն է` կա՛մ մենք հանձնում ենք այդ ամեն ինչը, ասում ենք` հեսա, վերցրեք, ու վստահ չենք լինում, որ դրանով ամեն ինչ ավարտվում է, կա՛մ մենք մարտի դաշտում ապացուցում ենք, որ հարցը ռազմական լուծում չունի, և տոնում ենք մեր հաղթանակը: Ես ցավով եմ սա ասում: Ես հասկանում եմ ամբողջ պատասխանատվությունը, այսօր իրավիճակը դա է:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.