Եվրոպական մի շարք երկրների հայերը այսօր փակել են մեծ կարևորություն ունեցող միջպետական ճանապարհներ՝ ժամեր շարունակ կաթվածահար անելով երթևեկությունը։
Նրանք եվրոպական երկրներից պահանջում են ճանաչել ճանաչել Արցախի անկախությունը, չլռել, բարձրաձայնել Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, դատապարտել ու դադարեցնել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։
Աննախադեպ բողոքի ակցիայի ընթացքում նույն ժամանակահատվածում երկկողմանի փակ են եղել, օրինակ, Գերմանիա – Դանիա, Ֆրանսիա – Իսպանիա, Ֆրանսիա – Իտալիա, Բելգիա – Նիդերլանդներ, Ֆրանսիա – Շվեյցարիա, Լյուքսեմբուրգ – Բելգիա ու բազմաթիվ այլ մայրուղիներ։
«Մենք կաթվածահար ենք արել ամբողջ Եվրոպայի երթևեկի կեսը, եթե ոչ ավելին», - ասում է Մհեր Մնացականյանը։
Նա պատմեց, որ Փարիզից ավտոերթով եկել ու փակել են Ֆրանսիա – Բելգիա միջպետական մայրուղին, հետո նրանց միացել են նաև Բելգիայում ապրող հայերը, և մայրուղին մի քանի ժամ երկկողմանի փակ են պահել։
«Մեր նպատակը հետևյալն է․ օր առաջ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդից և իշխանություններից հասնել նրան, որ ճանաչեն Արցախի անկախությունը», - հայտարարեց Մնացականյանը։
Նա փոխանցեց, որ ցույցերի ժամանակ չի եղել որևէ միջադեպ, և հավելեց, որ շարունակելու են իրենց խաղաղ ցույցերը․ - «Մենք պետք է չդադարենք, մենք պետք է չկանգնենք, մենք պետք է անընդհատ գործողության մեջ լինենք՝ հնարավոր օրինական բոլոր մեթոդներով։ Մենք որպես Ֆրանսիայում ապրող քաղաքացիներ, ունենք սահմանադրական իրավունքներ։ Մենք պարզապես իրացնում ենք մեր սահմանադրական իրավունքը, մենք ունենք խաղաղ ցույցեր, հավաքներ անելու իրավունք և մենք դա իրացնում ենք»։
Հարյուրավոր հայեր վաղ առավոտյան փակել են Շվեյցարիա – Ֆրանսիա միջպետական մայրուղին։
Ակցիայի մասնակիցներից Ստելլա Դավթյանը պատմում է․ - «Մեր ձայնը բարձրացրել ենք, որ մեր երկրին պետք է ուշադրություն դարձնել, մեր ձայնը լսել։ Մենք բոլորս զինվորի կողքին ենք, Հայոց աշխարհի, մեր Արցախի, մեր Հայրենիքի, մեր զինվորների, նրանց մայրերի։ Մենք ձեզ հետ ենք, Հայաստան և Արցախ»։
Դավթյանը հավելեց, որ չորս ժամ շարունակ ներկայացրել են իրենց պահանջները և պատրաստվում են օրվա ընթացքում շարունակել ակցիան․- «Գիշեր-ցերեկ չենք քնում, պայքարել ենք, պայքարում ենք Արցախի ազատությունն ենք պահանջում, անկախությունն ենք պահանջում։ Պահանջում ենք, որ Եվրոպան լսի մեր ձայնը և գործի անցնի»։