Կարտոֆիլի դաշտի այն հատվածում, որտեղ ադրբեջանական անօդաչու սարքն էր հարվածել, հիմա բերքն ամբողջությամբ անպիտան է դարձել, մոտ 15 տոննա:
Շուջբոլորը երկվա հարձակման հետքերն են: Գյուղացիները պատմում են, որ նույն տարածքում որտեղ հարվածն է եղել, իրենք ընդամենը 10 րոպե առաջ սովորականի պես պետք է աշխատանքները սկսեին, բայց, բարեբախտաբար, ուշացել էին:
Վիրավորված Նարեկ Արզոյանի հորեղբայր Էմիլն ասաց․ - «10 րոպե մենք ուշ գայինք, կամ 10 րոպե ինքը ուշ խփեր, հաստատ եսիմ քանի հատ զոհ կլիներ ստեղ։ Երևի մի 20-25 հոգի»։
Նարեկի եղբայր Նվերը րոպեների ճշգրտությամբ է հիշում երեկ առավոտյան իրենց գլխով անցածը. ինքը կրտսեր եղբայրն ու հայրը ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էին, երբ տարօրինակ ձայն լսեցին։ Բայց Վարդենիսում ու հարակից գյուղերում ապրողների համար արդեն ոչ անծանոթ` անօդաչուի ձայնն էր, պատերազմից հետո այդ ձայնը մի քանի անգամ էին լսել ու անգամ տեսել։ Այլ բան չէր մնում, քան արագ փախչել որքան հնարավոր է հեռու:
«Ստեղ կանգնած էինք, որ տեխնիկան գար, մտներ դաշտ, արդեն սկսեր քանդելը։ Հետո ձենը լսեցինք, փախանք էստեղ։ Պապաս հասցրեց անցավ էն կողմը, ես պառկեցի․․․», - պատմեց Նվերը։
14-ամյա եղբայրը` Նարեկը, չէր հասցրել արագ լքել տարածքը: Վիրավորվել էր:
«Որ տրաքավ, ես հելա փախա, տենամ ախպերս ընկած ա», - հուզված շարունակեց նա։ - «Հարցրի, Նարեկ, լա՞վ ես, ասաց՝ ոտքերս, ձեռներս չեմ զգում»։
Մինչ հորեղբայր կհասներ օգնության, անծանոթի մեքենայով Նարեկին տեղափոխել էին հիվանդանոց` ամբողջությամբ արյունլվա: Հորեղբայրն այդ ժամանակ տանն էր: Պայթյունն անգամ մի քանի կիլոմետր հեռավորությա վրա էր լսվել․ - «Մեր տնից ձենը լսել եմ ես։ Ես լսա ու թափ զանգեցի, ոնց որ սիրտս վկայեր, ասեցի՝ Էդգար, ի՞նչ ա էղել։ Ասաց՝ մեր մոտ էր, բայց մեզի բան չի եղել, բայց Նարեկն ա վիրավորվել։ Ավտո էր հասցրել հոսպիտալ, ընդից արդեն տեղափոխինք Երևան»։
Նարեկի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, բայց նկատվում է դրական դինամիկա։ «Սուրբ Աստվածամայրից» հայտնում են՝ տղային կյանքին վտանգ չի սպառնում։
Պատերազմի մեկնարկից սկսած ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ նաև Հայաստանի տարածքն է թիրախավորում, այդ թվում բնակավայրերը։
Հայաստանում Ադրբեջանի զինված ուժերի թիրախավորման հետևանքով, ըստ պաշտոնական աղբյուրների, սպանվել է 1 խաղաղ բնակիչ, վիրավորվել են 3-ը։
Երեկ Վարդենիսի այս դեպքի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի տարածքում՝ Քարվաճառի սահմանին թիրախավորվել է տեխնիկա, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե իբր այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Պաշտոնական Բաքուն, մինչդեռ, պնդում է, թե այդ տեխնիկան թիրախավորել էր քաղաքների խաղաղ բնակիչներին։