Արցախի Ասկերանի շրջանի շուրջ 40 համայնքներից տասը հենց սահմանի բերանին են։ Ասկերանում նույնպես ամենուր պայթած ու չպայթած հրթիռներ ու արկեր են։ Ամենավերջինը «Սմերչից» արձակված հրթիռ է եղել, որ երեկ ընկել է քաղաքից 300 մետր հեռավորության վրա։
Վարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Չնայած այսպես ասած հրադադարին, ամեն օր ժամը 7-ին, բայց էսօր 6-ն անց 40-ին կոնկրետ մեր առաջնագծի ողջ շփման գծի երկայնքով վերսկսվել են և վերսկսվում էին հրետակոծությունները։ Փառք Աստծո, որևէ էական վնաս բնակավայրերին չի հասցվել։ Ստանում են իրենց արժանի պատասխանը, և շուրջ 2-3 ժամ է լռություն է։ Պատերազմական գործողությունների վերսկսումից հետո, ինչպես բոլորիս հայտնի է, մենք ձեռնամուխ եղանք տեղական խաղաղ բնակչության տարհանման խնդիրներին։ Բնակչության զգալի մասը տարհանվեց, մի որոշ թվաքանակ չուզեցին իրենց օջախները լքել։ Քանի որ մեր քաղաքը ապահովված է նաև ապաստարաններով, իրենց տեղափոխեցինք մեր ենթակայության տակ գտնվող ապաստարանները, նաև ապահովեցինք զուգահեռ առաջին անհրաժեշտության պարենամթերքով։ Սկզբում սննդամթերքի պակասը զգացվում էր, քանի որ անսպասելի էր պատերազմի վերսկսումը, բայց 2-3 օրվա ընթացքում մեր հայրենակիցների, Հայաստանից եկած օգնությունների ճիշտ տեղաբաշխումը կատարեցինք, և փառք Աստո, այսօրվա դրությամբ որևէ խնդիր կախված առաջին օգտագործման պարագաների, սննդի հետ, չունենք»։
«Ազատությունը» զրուցեց նաև ապաստարաններից մեկում պատսպարված կանանց հետ։
«Ես մնացել եմ, չեմ գնա։ Ունենք տեղեր գնալու, բայց չեմ գնա, քանի որ ամուր պիտի կանգնենք մեր հողին, չպետք է հեռանանք։ Ես չեմ կարող գնալ, թողնել առաջնագծում մեր տղաներին։ Տղաներս, եղբայրներս առաջնագծում են, բացի դրանից, բոլորն էլ մերն են», - ասաց նրանցից մեկը։
Նա ասաց, որ սովոր են նկուղային կյանքին․ - «Արցախյան պատերազմից ենք սովոր նկուղներում մնալ։ Հարմարվում ենք, համախմբված, բոլորս միասին մի կտոր հաց ենք ուտում, մի բաժակ սուրճ ենք խմում։ Յոթ հոգի ենք այստեղ մնում։ Հարմարվել ենք, կարևորը խաղաղությունը շուտ լինի»։
Մեկ այլ կին ասաց, որ ժամանակ առ ժամանակ գնում են տուն․ - «Էս րոպեին էլ գնացել եմ, հավերին կերակրել եմ, թոռս լողացրել եմ, սումկաներ եմ պատրաստալ, լեյտենանտի շորերն էլ եմ անգամ լվացել, ճանապարհ դրել։ Թոռս առաջնագծում ա, եկալ ա լողացալ, ճանապարհել եմ։ էնպես որ, մեր առօրյա գործերն ենք անում, ոչ մի բանից էլ չենք վախենում։ Չենք էլ վախենալու։ Ուղղակի ուզում են պատերազմը վերջանա, մեզ համար մտածող լինի․․․ անգամ թուրքին էլ չենք մենք վիրավորում, նրանց էլ են հրահրած․․․»
Ապաստարանի բոլոր բնակիչների ընտանիքների տղամարդիկ առաջնագծում են, միակ ցանկությունը խաղաղությունն է ու տղամարդկանց տունդարձը։