Խաղաղության դիմաց Ադրբեջանին տարածքներ զիջելու բանակցությունների մասին վարչապետի հայտարարության հասցեատերը ներքաղաքական դաշտում չէ, ասում է իշխանական պատգամավոր Միքայել Զոլյանը։
Ըստ նրա՝ ուղերձը փաստերի արձանագրում է, թե ինչու էր անխուսափելի այս պատերազմը. - «Այս մեսիջն ուղղված չէր ներքին քաղաքական որևէ խնդրի լուծման: Այս մեսիջն ուղղված էր աշխարհին և ուղղված էր նաև հայությանը, և սա զուտ փաստերի արձանագրում էր, իրավիճակի արձանագրում: Այս մեսիջի հիմնական էությունն այն էր, որ Ադրբեջանը մինչև հիմա, ըստ էության, երբեք զիջումների պատրաստ չի եղել, երբեք փոխզիջումների պատրաստ չի եղել, և Ադրբեջանի դիրքորոշումը եղել է հետևյալը` սկզբից մեզ տվեք սա, իսկ հետո մեզ տվեք սա, այսինքն` ըստ էության, նրանք սկզբից պահանջել են զիջումներ, որպեսզի հետո այդ զիջումներին գումարվեն նոր զիջումներ: Եվ, բնականաբար, այդպիսի համաձայնություն չէր կարող լինել, և այդպիսի դիրքորոշման պայմաններում պատերազմն անխուսափելի էր»:
Պատերազմի պատճառների մասին երեկ վարչապետը խոսեց իր ուղերձի սկզբում։ Մանրամասներ ներկայացրեց նախորդ իշխանությունից ժառանգություն ստացած բանակցություններից, ինչն իր գլխավորած իշխանության համար անընդունելի է եղել։ Ըստ վարչապետի՝ բանակցային սեղանին դրված տարբերակով տարածքներ պետք է զիջեին Ադրբեջանին ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, ինչն իր գլխավորած իշխանությունը մերժել է. - «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ: Այդ պահանջի էությունը հետևյալն էր` անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ պետք է լինի Ադրբեջանի կազմում, այսինքն` տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը»:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը նույն օրը արձագանքեց նախկին իշխանության` Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հակադարձելով. - «Ներկա իրավիճակը Նիկոլի «սեփական կետից բանակցություն սկսելու» անհեռատեսության հետևանք է, և իրավիճակի միակ պատասխանատուն գործող իշխանությունն է: 2. 2.5 տարի ասել ենք, որ բանակցային քաոսը հանգեցնելու է պատերազմի։ Հիմա, մի կողմ դնելով քաղաքական հանգամանքները, համախմբվել ենք մեր բանակի շուրջ։ Մտքներովդ չանցնի, թե կարողանալու եք մեղավորներ նշանակել մարդկանց, որոնք ձեզ զարգացող Արցախ և ամուր բանակցային հիմքեր են թողել», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Շարմազանովը։
«Թե ում պատճառով էր այդ իրավիճակը ստեղծվել, թե ով է դրանում մեղավոր` միջնորդները, նախկին իշխանությունները, Ադրբեջանը, Թուրքիան, համաշխարհային հանրությունը և այլն, սրա մասին վարչապետի խոսքի մեջ որևէ բան չկար, և ես նորից պետք է կրկնվեմ` կարծում եմ` հիմա ճիշտ պահը չի այդ ուղիով գնալ, որովհետև մենք պետք է հասկանանք, որ այսօր տեղի է ունենում պատերազմ, և սա հենց այն պատերազմն է, որին տարիներով, նույնիսկ տասնամյակներով պատրաստվում էր Ադրբեջանի իշխանությունը», - ասում է Միքայել Զոլյանը:
Հանրապետական իշխանության կոալիցիոն կառավարության մաս կազմած Հայ հեղափոխական դաշնակցությունում իրենց վարչապետի ելույթի հասցեատեր չեն համարում։ Արցախի հակամարտության կարգավորման հարցում Դաշնակցության դիրքորոշումը հստակ է և չի փոխվել, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը. - «Մեր դիրքորոշումը շատ հստակ է` արցախյան հակամարտության ցանկացած լուծման հիմքում պետք է դրված լինի Արցախի ճանաչումը: Մենք դեմ ենք որևէ կամ շրջանառության մեջ դրված փուլային տարբերակին, չի կարող նման բան լինել»:
Ստեղծված իրավիճակի ու Փաշինյանի կառավարության երկուսուկես տարվա մասին ասելիք շատ կա, նշեց դաշնակցական Սաղաթելյանը՝ ընդգծելով` պատերազմական այս փուլում թշնամիներ, մեղավորներ փնտրելու պատեհ ժամանակը չէ։ Այս պահին Հայաստանի գլխավոր խնդիրը առաջնագծում է, իսկ պատերազմի պատճառների ու իշխանության վարած քաղաքակնության մասին դեռ խոսվելու է. - «Իհարկե, վերլուծել ենք, իհարկե, պետք է խոսենք, հասկանանք` ինչի այսպես եղավ, և պատերազմ եղավ, բայց դրա ժամանակը չի, բայց մենք այսօր դա չենք ասելու, որովհետև մեր խնդիրը արտաքին թշնամին է, մեր երկրի ներսում ներքին թշնամի փնտրել պետք չի այս օրերին»: