Ղարաբաղյան հակամարտության գոտում արդեն առնվազն 52 սիրիացի զինյալ է սպանվել, հաղորդում է ամերիկյան «Վաշինգտոն Փոստ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեղինակավոր պարբերականը նկարագրում է, թե ինչպես են դեռ հոկտեմբերի սկզբին զոհվածների ընտանիքները հավաքվել թուրք-սիրիական սահմանին՝ սպասելով, որ բեռնատարները բերեն իրենց հասանելիք սարսափելի բեռը՝ հարազատներին, որոնք զոհվել են իրենցից 600 մղոն հեռավորության վրա սկսված պատերազմում։
Զինյալներից մեկի՝ Մահմուդ Նաջարի զարմիկը պատմել է, որ դիակները տեղափոխող մեքենայում նրա աճյունը թվագրված է եղել 12 համարի տակ: «Հարազատների խոսքով, նրանց օգտագործել են հարձակողական մարտերում և ամենաթեժ կետերում», - գրում «Վաշինգտոն Փոստ»-ը։
Սպանված Մահմուդ Նաջարի զարմիկը լուսանկարչներ է տրամադրել թերթին, նաև որոշ մանրամասներ է պատմել՝ խնդրելով չհրապարակել իր անունը, քանի որ վախենում է, զինյալներին հավաքագրողների զայրույթից։
«Մահմուդը երկու երեխա ուներ, աշխատում էր դատարաններից մեկի անվտանգության ծառայությունում, հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ Միաժամանակ տեսնում էր, թե ինչպես են Թուրքիայի կողմից հավաքագրված և Լիբիա ուղարկված տղաները կանխիկ գումարով տուն վերադառնում։ Եվ երբ առաջարկ ստացավ կռվել Ադրբեջանում ամսական 2000 դոլարի դիմաց, միանգամից համաձայնեց», - պատմել է զոհվածի զարմիկը՝ հավելելով․ - «Փողը միակ պատճառն է։ Թե չէ ո՞վ կուզեր գնալ Ադրբեջան: Ընդհանրապես, ո՞վ գիտի, թե որտեղ է Ադրբեջանը»:
Հարազատները զինալներից պարբերաբար տեղեկություններ են ստացել հեռախոսային կապի օգնությամբ․ դրանցից դատելով՝ նրանք բոլորովին անպատրաստ են եղել այն ամենին, ինչին բախվել են Ադրբեջան հասնելուն պես։
«Առաջին օրը նրանց համազգեստ են տվել և հաջորդ օրն իսկ ուղարկել ռազմաճակատ: Այդ տարածքներում հայերը ամուր պաշտպանություն ունեն», - պատմել է զոհվածի հարազատը՝ հավելելով, որ վարձկանները ստիպված են եղել իրենք իրենց գլխի ճարը տեսնել․ ջոկատի հետ եղել է ընդամենը երեք ադրբեջանցի ուղեկցորդ, այն դեպքում, երբ սիրիացիները ո՛չ տեղանքը գիտեն, ո՛չ լեզուն են հասկանում, ո՛չ էլ պատմությանն ու ցավին են տեղյակ։
«Նաջարը սպանվել է դիպուկահարի գնդակից, նույն օրը զոհվել է նաև նրա եղբորորդին։ Ողջ գիշեր դիակները մնացել են բաց երկնքի տակ, քանի որ դրանք վերցնելը չափազանց վտանգավոր էր», - պատմել է սպանվածի հարազատը։
Ամերիկյան հեղինակավոր պարբերականը փաստում է, որ Թուրքիան և Ադրբեջանը կտրականապես հերքում են այս մասին հաղորդումները՝ հավելելով․ - «Մինչդեռ, սպանված երկու զինյալների՝ Նաջարի և նրա եղբորորդու հարազատները փաստում են, որ նրանց աշխատավարձ են խոստացել Թուրքիայի աջակցությունը վայելող զինվորականները, վարձկաններն էլ Ադրբեջան են հասել Թուրքիայի հարավային շրջաններից»:
Արևմտյան մեկ այլ հեղինակավոր պարբերական՝ «Էկոնոմիստ»-ը փաստում է․ - «Վարձկանների ներգրավումը ցույց է տալիս, թե որքան բարդ է մոբիլիզացնել ադրբեջանցի երիտասարդներին կռվելու հանուն մի փոքրիկ լեռնային շրջանի, որը բնակեցված է հայերով և որն Ադրբեջանը կորցրել է 30 տարի առաջ»։
«Հայաստանում ճիշտ հակառակն է՝ տղամարդիկ զինվորագրվում են նույնիսկ առանց ռազմական պատրաստվածության։ Հայաստանի պետականությունն ու անկախությունն անբաժանելի են Լեռնային Ղարաբաղից, դա Հայաստանի Երուսաղեմն է», - «Էկոնոմիստ»-ին ասել է ղարաբաղյան հարցով հայտնի փորձագետ Թոմ դը Վաալը։
Վերլուծաբանը նաև նկատել է․ - «Ղարաբաղի կորուստը շատ ցավոտ էր Ադրբեջանի համար»։ Եվ հիմա, ըստ նրա, Ալիևի վարչակազմը «փորձում է ռազմական գործողություններով վերականգնել իր արժանապատվությունը»։
«Վաշինգտոն Փոստ»-ի վերլուծականը փաստում է, որ այս ամենը ևս մեկ զգուշացում է, որ տասնամյակներ շարունակվող ղարաբաղյան հակամարտությունը կարող է հիմա է՛լ ավելի սրվել, քանի որ ներգրավվել են արտաքին ուժեր, ինչպիսիք են Թուրքիան ու նրա մրցակից Ռուսաստանը, և սպառնում է ապակայունացնել իրավիճակը հարևան երկրներում՝ Իրանում և Վրաստանում։