Վերջին անգամ ամենամեծ օրական աճն արձանագրվել էր անցած հունիսին՝ շուրջ 849 վարակակիր։ Այժմ կրկին թվերն արագ աճում են, և եթե առաջիկա 2 շաբաթների ընթացքում ոչինչ չարվի, ապա, ըստ մասնագետների, հնարավոր է նոր վարակակիրների թիվն օրական հասնի 2000-ի։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանի փոխանցմամբ, Հայաստանում վարակակիրների թիվն ամեն 2 շաբաթը մեկ կրկնապատկվում է։
Սահակյանի խոսքով, ռազմական դրության և պատերազմական վիճակով պայմանավորված, բնակչությանը զգոնությունը թուլացել է․ բոլորի համար այժմ առաջնահերթը սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություներն են, ինչի արդյունքում մարդիկ դադարել են հետևել հակահամաճարակային կանոններին։ Սրան գումարվել է նաև հանրային տրանսպորտի սղությունը, բնակչությունը երթևեկում է գերծանրաբեռնված տրանսպորտով, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանել անհնար է։ Իսկ մարդիկ առանց դիմակների են։ Մինչդեռ հունիսին արձանագրվող վարակի բարձր ցուցանիշները հաջողվեց նվազեցնել հենց դիմակներ կրելով ու հակահամաճարակային մյուս կանոնները խիստ պահապանելով։
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը հորդորում է քաղաքացիներին վերադառնալ նախկին վարքագծին, ոչ միայն հանուն ռիսկի խմբում գտնվող քաղաքցիների, այլև հանուն սահմանին կանգնած զինվորի, հանուն վիրավորված բազմաթիվ զինածառողների, հատկապես, որ հիվանդանոցային ռեսուրները սահմանափակ են․ - «Վիրավոր զինվորին գումարած նաև վիրուսով վարակվածություն, սրանով մենք մեր բանակին ենք խոցում։ Մենք պետք է մեր թիկունքը ամուր պահենք, մեր ճիշտ վարքագծով կարողանանք նպաստել մեր հայ զինվորի ուժին։ Իսկապես հիվանդանոցային մեր ռեսուրսները սահմանափակ են, ինչու չէ՝ նաև բուժանձնակազմի ռեսուրսը, ներուժը։ Նրանք չեն կարող սպասարկել միանգամից երկու ֆրոնտով։ Սա պետք է հաշվի առնենք։ Եվ իսկապես ժամանակն է, որ բոլորը իրենց մտքում ունենան, որ մենք սրանով վնասում ենք մեր երկրին, վնասում ենք մեր բանակին, մեր զինվորներին»։
Վարակի տարածումը մեծ թափ է ստանում նաև դպրոցներում, Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ արդդեն իսկ 72 դպրոց փակվել է և անցել օնլայն կրթության։
Հաշվի առնելով այսօր արձանագրված ռեկորդային թվերը՝ Կրթության նախարարն այսօր տեղեկացրեց , որ դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն, նոյեմբերի 2-ի փոխարեն հոկտեմբերից 15-ից 2 շաբաթ ժամկետով։
Առողջապահության նախարարի գրությամբ երկու շաբաթով կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը։ Ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության:
Ի դեպ, հաշվի առնելով հիվանդանոցների արդեն գերծանրաբեռնված վիճակը, առաջիկայում մարզային, ինչպես նաև մայրաքաղաքի որոշ հիվանդանոցներ կունենան կովիդի բաժանմունքներ, մահճակալային ֆոնդը կորանավիրուսով վարակվածների համար ավելի կընդալյնվի։ Գայանե Սահակյանը հիշեցնում է, որ հիվանդանոցային ֆոնդը նախատեսված է նաև վիրավոր զինածառայողներին օգնություն ցուցաբերելու համար։ Օրինակ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը միաժամանակ սպարակում է և՛ զինվորականներին, և՛ կովիդով հիվանդներին։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենի փոխանցմամբ, այժմ բուժվում է 10 հազար 700 հիվանդ, որոնցից 1600-ը հոսպիտալացված են, ավելի քան 8000-ը մեկուսացված են և տանն են բուժվում։
Սակայն, ըստ Գայանե Սահակյանի, կովիդով հիվանդ որոշ քաղաքացիներ դրսում ազատորեն շրջում են, և վարակակիրների թվի աճը պայմանավորված է նաև այս հանգամանքով։