Մոսկվայից անդադար հնչում են հրադադարը պահպանելու մասին կոչեր։ Նման կոչերով այսօր հանդես են եկել Արտաքին գործերի, Պաշտպանության նախարարները։ Իսկ Կրեմլը իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ «կողմերը չեն կատարում Մոսկվայում եռակողմ բանակցությունների ժամանակ ստանձնած պարտավորությունները» (Դմիտրի Պեսկով)։
«Հազիվ թե այն կողմերը, որոնք երկար ժամանակ բանակցություններ են վարել Մոսկվայում, կարող են բավարարված լինել, թե ինչպես են կատարվում հրադադարի մասին պայմանավորվածությունը։ Այստեղ իհարկե կարելի մի միայն մտահոգություն արտահայտել», - հավելել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը։
Նա այսօր նաև ասել է, որ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը ստուգում է տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանական ուժերը հարված են հասցրել Հայաստանի տարածքին։ Պեսկովը նշել է, որ իրենք մշտական կապի մեջ են երկու երկրներում իրենց գործընկերների հետ, ստուգում ու վերլուծում են այդ տեղեկությունը։
Հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը կմիջամտի, եթե տեղեկությունը հաստատվի, Կրեմլի խոսնակն արձագանքել է․ - «Եկեք սպասենք ստուգման արդյունքներին»։
Ռուսաստանի արտգործնախարարն այսօր որոշ մանրամասներ է հայտնել Ղարաբաղյան պատերազմի շուրջ ընթացող զարգացումների մասին։ Մասնավորապես՝ որ քաղաքական կարգավորումը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում հնարավոր է, և որ բանակցությունների սեղանին են մնում այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները․ - «Իհարկե քաղաքական կարգավորում հնարավոր է։ Առաջարկները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունը արդեն հայտնի է․ դա փուլային, քայլ առ քայլ Ղարաբաղի շուրջ շրջանների ազատագրումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ մինչև վերջնական կարգավիճակը որոշելը, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովմամբ»։
Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Ղարաբաղում պետք է անհապաղ ներդրվեն հրադադարի պահպանման համար անհրաժեշտ մեխանիզմներ․ - «Մեր գլխավոր ուղերձն այն է, որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների գծով և համաձայնեցնել հրադադարի վերահսկողության այն նույն մեխանիզմը, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում, որը դեռևս ոչ ոք նույնիսկ չի սկսել քննարկել։ Համապատասխան ազդակները ես վերահաստատել եմ բառացիորեն կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարել էր Ադրբեջանի արտգործնախարարը»։
Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե դեմ չէ խաղաղապահներին, սակայն այդ հարցը պետք է համաձայնեցնել Ադրբեջանի և Հայաստանի հետ այլ հարցեր համաձայնեցնելուց հետո միայն։
Մոսկվան համարում է, որ այդ հրադադարի ապահովումը հնարավոր կարող է լինել, եթե շփման գծում լինեն ռազմական դիտորդներ։ Լավրովը նույնիսկ չի բացառել, որ այդ դիտորդները լինեն ռուսաստանցի զինվորականներ, սակայն ընդգծել է, որ դրան պետք է համաձայն լինեն հակամարտող կողմերը։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ և կոչ է արել ամբողջ ծավալով իրականացնել Մոսկվայում ստանձնած պարտավորությունները։
Անցած շաբաթավերջին Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում հումանիտար հրադադար հաստատելու մասին համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև Այդուհանդերձ, հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից ուժի մեջ մտած հրադադարը չի պահպանվում։