Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ներկայացրել Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի և եվրոպական կոնվենցիայի խախտումների վերաբերյալ նոր ապացույցներ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Կիրակոսյանի փոխանցմամբ՝ փաստեր են տրամադրել նաև այն մասին, որ հոկտեմբերի 10-ի կեսօրին պատերազմող կողմերի միջև նախքան հումանիտար հրադադարի հաստատումը Հադրութ ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս մարդու, այդ թվում՝ տանը գտնվող հաշմանդամություն ունեցող տղային և նրա մորը։
«Ներկայացված ապացույցների նպատակը հենց այն է, որպեսզի ցույց տանք Ադրբեջանի կողմից կիրառված միջանկյալ միջոցի պայմանների խախտման փաստը, որովհետև այդ մի Հադրութի դրվագը չէ, որ խախտել են, բազմաթիվ են, մինչև այդ էլ ներկայացված, ամենօրյա ռեժիմով ռմբակոծությունները բնակավայրերի՝ թե՛ Ստեփանակերտի, թե՛ այլ բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների ոչ խտրական ռմբակոծությունները, պաշտամունքի վայրերի՝ Սուրբ Ղազանչեցոց վանքի ռմբակոծության պարագան և այլն: Շատ հանգամանքներ, որոնք վկայում են հենց խախտման մասին», - ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պնդմամբ՝ ներթափանցած խումբը ահաբեկել է բնակիչներին, տներ վառել, պարզապես ներխուժել տուն ու գնդակահարել մորն ու որդուն։ Ադրբեջանն այս տեղեկությունը կտրականապես հերքում է։
«Հաշմանդամություն ունեցող անձը մի քանի տեղից, այդ թվում՝ կրծքից, որովայնի հատվածից գնդակահարված է, նաև գնդակահարված է նրա ձեռքը՝ ափը, ինչը մեզ թույլ է տվել եզրահանգել, որ նա ուղղակի պաշտպանվել է կամ ցույց է տվել, որ անզեն է, և ադրբեջանական ահաբեկիչները խփել են նաև նրա ձեռքին: Սա լրացուցիչ կերպով ցույց է տալիս, որ դա եղել է ահաբեկչություն, դա եղել է պատերազմական ծանրագույն հանցագործություն», - նշեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ ՄԻԵԴ են ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցները, ինչպես նաև տարբեր տեսակի հաղորդագրություններ, փաստեր, որոնք վկայում են վերջին օրերին Արցախում Ադրբեջանի կողմից կատարած վայրագությունների մասին։
«Այս փուլում մենք նաև դատարանից խնդրել ենք նախորդ շաբաթ դեռևս, որպեսզի կիրառի դատարանի կանոններով ֆիքսված հնարավորությունները: Այսինքն Ադրբեջանից պահանջի, որպեսզի Ադրբեջանը ներկայացնի թարմացումներ կամ տեղեկատվություն, թե ինչ քայլեր են ձեռնարկում իրենք՝ թույլ չտալու բախումներ, կիրառած միջոցի պահպանում հատկապես: Այդ պահի դրությամբ դեռ պատասխան չունենք Ադրբեջանի կառավարությունից: Բնականաբար, եթե հարցն այսպես շարունակվի, ապա հաջորդ փուլը էսկալացիայի կարող է տեղափոխվել արդեն Նախարարների կոմիտե Եվրոպայի խորհրդի, որտեղ ավելի առարկայական կարող են քննարկվել այս հարցերը: Ամեն դեպքում հետագա քայլերն ավելի մանրամասն կարող են քննարկվել, երբ որ ներկայացվի, օրինակ, պետական գանգատ», - նշեց նա:
Կիրակոսյանն ասաց՝ Հայաստանի կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման, ինչպես նաև ռազմական գործողություններին Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ նոր ապացույցներ:
Սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական բախումների ընթացքում Լեռնային Ղարաբաղում սպանվել է առնվազն 25 խաղաղ բնակիչ։ Զինվորականների շրջանում իր կորուստները թաքցնող պաշտոնական Բաքուն մինչ այժմ հայտարարել է 41 խաղաղ բնակչի մահվան մասին։