«Իրավիճակը շատ բարդ է», - ասում է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը երեկ մասնակցել է վարչապետի հետ խորհրդարանի նախագահի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների փակ հանդիպմանը: Ներկա է եղել նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Պատգամավորների խոսքով՝ քննարկվել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, նաև՝ առաջ շարժվելու ելքերը։
«Արցախ այցից հետո, կարծում եմ, ամբողջական տեղեկատվությանը մենք տիրապետել ենք, և վարչապետի հանդիպումից հետո էլ, եթե ինչ-որ բան բաց է մնացել, դրան էլ իրազեկվել ենք: Իրավիճակը շատ բարդ է, պատերազմ է, և այս պահին մարտի դաշտում որոշվում է մեր պետության ճակատագիրը», - ասաց Մարուքյանը:
Մասնակիցները վարչապետի հետ փակ հանդիպումից բովանդակային մանրամասներ չբացահայտեցին։
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը փոխանցեց՝ Նիկոլ Փաշինյանն է եկել Ազգային ժողով, հանդիպումն էլ տևել է մոտ երկու ժամ։ Ընդհանուր հայտարարի գալ-չգալու խնդիր, նրա ձևակերպմամբ, չի եղել, հնչել են հարցեր իրավիճակի մասին, տրվել պատասխաններ։ Մելքումյանն ասում է՝ լուծման ուղիների վերաբերյալ վարչապետը դիրքորոշում հայտնել է:
Արդյոք ԲՀԿ-ի համար ընդունելի՞ է այն, Մելքումյանը պատասխանեց. «Ընդունելի-չընդունելիի հարց չկա այստեղ: Կա ստեղծված իրավիճակի քննարկում, որ բոլորս գիտենք, և ելքեր, թե ինչ պետք է անենք, որ հակընդդեմ այդ բանը զսպենք, այդքան բան: Բավարարել-չբավարարելու հարց չկա, այն, ինչ որ կա, կա, մենք այսօր խնդիր չենք դրել՝ բավարարում է, թե չի բավարարում: Կա տեղեկատվություն, կա իրավիճակ և այդ վիճակից դուրս գալու ելքերի քննարկում, դրանց օպերատիվության, դրանց ժամկետների և այլն»:
«Բաց խոսակցություն էր», - երեկվա հանդիպման մասին ասում է Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ իշխանական Արման Եղոյանը:
«Բոլորը տվեցին իրենց հուզող բոլոր հնարավոր հարցերը, որոնք հասկանալի պատճառներով միգուցե լիագումար նիստերի ֆորամատով չէին կարող տալ, և վարչապետը պատասխանեց բոլոր-բոլոր հնարավոր հարցերին: Այսինքն բոլոր երեք խմբակցությունները, ինչ հարց կարող էին ունենալ, այդ բոլորին վարչապետը պատասխանեց», - ասաց Եղոյանը:
«Ազատության» հարցին՝ կարելի՞ է ասել, որ տիրող իրավիճակին խմբակցությունները ծանոթ են, Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Միանշանակ: Այսինքն՝ ինչ գիտեր վարչապետը, այդ նույնը երեկվա դրությամբ գիտեն նաև երեք խմբակցությունները»:
Լեռնային Ղարաբաղի նախագահը երեկ հայտարարել էր՝ եթե առաջիկա երկու օրերին Ադրբեջանը չպահպանի հրադադարի վերաբերյալ մոսկովայան պայմանավորվածությունը, կդիմի Հայաստանին, նաև այլ երկրների՝ ճանաչելու Արցախի անկախությունը։
Ընդդիմադիրների փոխանցմամբ՝ երեկվա փակ հանդիպմանը ևս Հայաստանի կողմից ճանաչման հարցը քննարկվել է։
Մարուքյանն ասաց՝ հարցը խորհրդարանի օրակարգ բերելու որոշում այս պահին չկա, կան քննարկումներ՝ ի՞նչ դա կտա: «Եթե Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի և մնա միայնակ, ապա դա խնդրի լուծում չէ, իմաստազուրկ է և կփակի ընդհանրապես Մինսկի խմբի առջև մեր դուռը: Եթե մենք հասնենք նրան, որ Մինսկի խմբի անդամ որևէ երկիր մեզ հետ ճանաչի, ապա դա իրականում բան է փոխում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալն Նահանգներին չէի ասի, որովհետև այնտեղ շատ խառը վիճակ է, բայց Ֆրանսիան, Ռուսաստանը հավանակն է՝ աշխատանքի արդյունքում», - ասաց Մարուքյանը:
Իշխանական «Իմ քայլից» Արման Եղոյանն էլ է տեսնում Ղարաբաղի միջազգային ճանաչման հնարավորություն. «Որևէ ձևով ճանաչման, այսինքն անպայման չի որպես անկախ պետություն ճանաչել: Որպես միավոր, միջազգային իրավունքի սուբյեկտ կամ դրա հետ սահմանակցող կարգավիճակով ճանաչում ես, այո, տեսնում եմ: Ի հակադրություն Ադրբեջանական պնդումների, երբեք էլ չի եղել տարածքային վեճ, հիմա առավել ևս սա տարածքային վեճ չի, սա մարդկանց գոյության կռիվ է, անցնող օրերի ընթացքում մի շարք պետությունների և միջազգային կառույցների արձագանքն արդեն թեքվում է դեպի այս բովանդակությունը»:
Հարց չէր հնչել, բայց ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարկ համարեց շեշտել՝ վերահաստատում են մոտեցումը, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում։
ԲՀԿ ղեկավարը երկամսյա կալանքի տակ է, մեղադրանքը՝ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելն է։
«Ինքը պետք է լինի ազատության մեջ, որպեսզի իր կապերով իր ունեցած ներդրումն ունենա լիարժեք էս գործընթացի մեջ: Սա հստակ է մեր կողմից, որ քաղաքական հետապնդում է, իսկ բաց թողնելը ես չեմ կարծում, որ պատերազմ է դրա համար բաց թողնեն, պատերազմ է, պատերազմի չի, քաղաքական հետապնդում է», - ասաց նա:
«Իմ քայլից» Արման Եղոյանը տեղին չի համարում Հայաստանի պաշտպանության գործին օգնելու համար նախապայմաններ առաջ քաշելը. «Ես չեմ կարծում, որ կարելի է նախապայմաններ առաջ քաշել ինչ-ինչ տեսական աջակցության դիմաց: Պարոն Ծառուկյանը շատ գործիքներ ունի աշխարհի, որ կետում էլ, որ ինքը լինի, աջակցել Հայաստանի պաշտպանության գործին, իր ներդրումն ունենալ Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության գործում: Ես չեմ կարծում, որ այդտեղ որևէ խոչընդոտ ինքը ունի»: