ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երրորդ տուրի Հայաստան-Վրաստան հանդիպումը Լեհաստանի Տիխի քաղաքում ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց Խորեն Բայրամյանը, 46-րդ րոպեին Նիկա Կաչարավան խփեց պատասխան գնդակը, 74-րդ րոպեին Թոռնիկե Օքրիաշվիլիի խփած գնդակով վրացիներն առաջ անցան հաշվի մեջ, և միայն խաղավերջին՝ 89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի իրացրած 11-մետրանոցով Հայաստանի ընտրանուն հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը:
Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով շարունակում է երրորդ հորիզոնականը զբաղեցնել C լիգայի 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակում: Խմբում առաջին երկու տեղերը 5-ական միավորով կիսում են Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի թիմերը, աղյուսակը եզրափակում է Էստոնիայի հավաքականը՝ 1 միավորով:
Մրցաշարի հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 14-ին Էստոնիայի հավաքականի հետ՝ Տալլիննում: