Ֆրանսահայ կազմակերպությունները, անհատները Ֆրանսիայից Արցախի անկախության ճանաչում են ակնկալում

Ֆրանսահայերի ցույցը Փարիզում, 9 հոկտեմբերի, 2020թ.

Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը կոչ է արել Փարիզի հայությանը հոկտեմբերի 13-ին` ժամը 18:00-ին համախմվել խորհրդարանի առջև` պահանջելու Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչման բանաձևի քննարկումը: Լեռնային Ղարաբաղի անկախության պահանջը եղել է միշտ ֆրանսահայ կազմակերպությունների կողմից Հայ դատի պաշտպանության համար տարվող ընդհանուր պայքարի օրակարգում:

Պատերազմի առաջին օրերին դեռ ֆրանսահայ իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Րաֆֆի Գալֆայանն իր «Ղարաբաղ. չկա ոչ մի այլ լուծում, քան նրա միջազգային ճանաչումը» վերնագրող հոդվածում բացատրել էր. - «26 տարի ի վեր Լեռնային Ղարաբաղը գոյատևում է անկախ և ունի այն ամենն, ինչ անհրաժեշտ է անկախ պետություն լինելու համար»: Նա նաև նշել էր, որ վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարությունն այնպիսի հայատյաց քարոզչություն է կատարել, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է հնարավոր լինել պահանջել Լեռնային Ղարաբաղի վերադարձը և երաշխավորել արցախցիների կյանքի անվտանգությունը, և որ «վերջին պատերազմը մարդկային ողբերգական կորուստների հետևանքով կարող է միայն երկարացնել փոխադարձ ատելությունը մի քանի սերունդ շարունակ»:

Ֆրանսահայ իրավաբանը եզրակացնում է, թե պետությունները պետք է իրենց պարտավորությունը ստանձնել` ընդունելով, որ դրա հիմնական միջոցը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է` համարելով նաև, որ այդ ճանաչումն անխուսափելի է:

Նույն միտքն է արտահայտել «Արմենիուս» կայքը իր «Այլևս անհնարին համագոյակցություն» վերնագրով խմբագրականով: Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը իր հետ բերած պատերազմական ոճիրներով, որի հեղինակներին պետք է կանգնեցնել դատարանի առջև, թույլ չի տալիս այլևս հնարավոր համարել Լեռնային Ղարաբաղի վերադարձը մի պետության սահմանների մեջ, որն «ուզում է իր ժողովրդին ոչնչացնել»: «Ժամանակն է փաստացի և իրավական անկախություն տալ Արցախի Հանրապետությանը», - գրված է հոդվածում:

Նույն պահանջով հանդես է եկել նաև իրավաբան Սևակ Թորոսյանը «Ֆիգարո» օրաթերթի կայքէջում: Վերջինս ցանկություն է հայտնել, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև մղվող պատերազմին վերջ տալու համար: