Հոկտեմբերի 10-ին և 11-ին Ադրբեջանը շարունակել է հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ ազգաբնակչությանը, հայտարարում է Արցախի պաշտպանության բանակը:
Միաժամանակ նշվում է, որ Պաշտպանության բանակը հավատարիմ է հումանիտար հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը:
«Եթե Ադրբեջանը շարունակի խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և դիմի նախահարձակ գործողությունների, ՊԲ պատասխանը լինելու է անհամաչափ կոշտ», - ասված է հայտարարության մեջ:
Ադրբեջանական կողմն իր հերթին հաղորդում է, որ հայկական կողմից հրադադարը չի պահպանվում, որ թիրախավորվել ու հրթիռակոծվել է Գյանջա քաղաքը: Հայկական կողմն այս տեղեկությունը հերքել է:
Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:
Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: